ԱԱԾ-ն հանցավոր սխեմա է բացահայտել՝ նախկին քաղաքապետի մասնակցությամբ

Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Երևան քաղաքի Կենտրոնի թաղային համայնքի կազմակերպատնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով մշտապես իշխանության ներկայացուցչի լիազորություններով օժտված իրավասու պաշտոնատար անձինք, 2009-ին նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի հետ (այդ ժամանակ քաղաքապետը եղել է Գագիկ Բեգլարյանը – խմբ․), նույն տարվա մայիսի ամսին (Բեգլարյանի կողմից պաշտոնը ստանձնելուց ընդամենը երկու ամիս անց – խմբ․) ձևականորեն հրավիրված ավագանու նիստերին քննարկել և որոշմամբ հաստատել են Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 40ա շենքի թիվ 100 հասցեում գտնվող 171,9քմ մակերեսով անշարժ գույքը Ա. Ս. Վ.-ին, Երևան քաղաքի Չարենցի փողոց 4 շենքի թիվ 129 հասցեում գտնվող 103.1քմ մակերեսով անշարժ գույքը Վ. Ս. Դ.-ին, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 5ա շենքի թիվ 366 հասցեում գտնվող 107,9քմ մակերեսով անշարժ գույքը Ս. Մ. Հ.-ին նվիրատվության կարգով՝ անհատույց տրամադրելու հարցը:

Ըստ ԱԱԾ-ի՝ որոշ ժամանակ անց՝ 2011-ին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վերջիններս այդ գույքը չնչին գումարներով օտարել են Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձի (կրկին Գագիկ Բեգլարյանի, որը քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2009-2010-ին) մերձավոր ազգականներին կամ նրա հետ փոխկապակցված անձանց:

Նշված գործողությունների արդյունքում, ԱԱԾ-ի տվյալներով, համայնքին հասցվել է ծանր հետևանք՝ 235 մլն դրամ ունեցող անշարժ գույքերը ոչ իրավաչափ կերպով հանձնվել են այլ անձի տնօրինմանն ու փաստացի ապօրինի տիրապետմանը:

«Միևնույն ժամանակ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձը, նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշատակված առանձնապես խոշոր չափերով գույքերի ծագման աղբյուրը, իրավունքների պատկանելությունը, նախնական համաձայնության գալով Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հետ, վերջիններիս օժանդակությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, համայնքից ապօրինի ձեռքբերված և փաստացի իրեն պատկանող անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքները ձևականորեն գրանցել է իր մերձավորների և իրենից ծառայողական ենթակայությամբ գործող անձանց անվամբ՝ այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր գույքերի իրական ծագումնաբանությունը և իրական հնարավորություն ունենալով առանց իրավական հետևանքների տնօրինել դրանք»,- հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ։

Հիշեցվում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մեկ այլ քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի կողմից համայնքապատկան ընդհանուր թվով 27 անշարժ գույքերի, այդ թվում՝ մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների կազմակերպման համար նախատեսված անշարժ գույքերին ապօրինի տիրանալու վերաբերյալ:

Ի դեպ, ԱԱԾ-ն այս տարվա մարտին հայտարարեց, որ Բեգլարյանը մանկապարտեզ սեփականաշնորհելու գործով հետախուզման մեջ է։ Նրա, ինչպես նաև այլ նախկին պաշտոնյաների կողմից մանկապարտեզների սեփականաշնորհման մասին 2019-ին գրել էր Հետքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել