«Ծռերի» գործով տուժողների ներկայացուցիչները «ամենախիստ պատիժն» են պահանջում

«Սասնա Ծռերի» գործով այսօրվա նիստին մեղադրական ճառի վերաբերյալ դիրքորոշում հայտնեցին 2016-ին ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհված ոստիկանների իրավահաջորդները։ 

Ամբաստանյալների համար «համաչափ պատիժ» էր պահանջում տուժողի իրավահաջորդ՝ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Թովմասյանը։

ՊՊԾ գնդում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ տուժողի իրավահաջորդ Հասմիկ Ոսկանյանը, միանալով դատախազների միջնորդությանը, խնդրեց, որ ամբաստանյալների նկատմամբ դատարանը կիրառի «ամենախիստ պատիժը»։

Ելույթներից հետո նիստն ավարտվեց։ Դատաքննությունը կշարունակվի սեպտեմբերի վերջին։ Պաշտպանական ճառերով հանդես կգան ամբաստանյալներն ու նրանց փաստաբանները։

Մեղադրական ճառը հրապարակվեց նախորդ շաբաթ։ Դատախազը միջնորդեց Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա, իսկ Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամսվա, ոստիկանների սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանին՝ 21 տարվա, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկման։ Զինված խմբի մյուս 5 անդամների համար մեղադրողը միջնորդեց 8-9 տարվա ազատազրկում։

«Սասնա ծռեր» խմբի անդամները մեղադրվում են 2016-ի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի զենքի գործադրմամբ ոստիկանության շենքի գրավման, պատանդներ պահելու, գույք ոչնչացնելու համար։ Դատաքննություններն իրականացվում են իրարից անջատված մասերով։

2018-ին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո խմբի անդամների մեծ մասն ազատ արձակվեց՝ գրավով կամ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Խմբի 10 անդամների գործով ներկայում կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք կասկածվում են գնդի գրավման օրը մահացած ոստիկանների սպանության համար։ Ընդհանուր առմամբ այս քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 32 անձի:

Գևորգ Թոսունյան