Ասուլիս՝ «Հարսնաքարում». ետնաբեմ

«Պայուսակը բացեք», «մոտեցեք՝ ջերմաչափենք», «մետաղաորսիչ սարքի միջով անցեք». այսպես սկսեցինք մտնել Սերժ Սարգսյանի ասուլիսի վայր՝ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանի տարածքում։ Մետաղաորսիչ սարքի մոտ ոստիկաններ էին և թիկնապահներ։ 

Աթոռները դրված էին իրարից առնվազն մեկ մետր հեռավորության վրա։ Սերժ Սարգսյանի ժամանումից առաջ կարմիր ժապավենով տարանջատեցին լրագրողների զբաղեցրած տարածքը կենտրոնական ամբիոնից։ 2020թ․ օգոստոսի 19-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ բաց ասուլիսի ձևաչափով առաջին անգամ շփվեց։

Եկավ Սերժ Սարգսյանը՝ դիմակով, թղթապանակը ձեռքին։ Ասուլիսի մեկնարկին Սարգսյանի ելույթին միախառնվում էր շինարարական աշխատանքների աղմուկը։ Ասուլիսն սկսվեց շնորհակալական խոսքով՝ ուղղված լրագրողներին, որոնք համավարակի պայմաններում ռիսկի գնալով՝ կատարել են իրենց աշխատանքը, Սարգսյանը չշրջանցեց նաև բժիշկներին։ Այնուհետև մեկ րոպե լռությամբ հարգեց Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը՝ հիշեցնելով, որ օգոստոսի 19-ին Ապրիլյան պատերազմի հերոսներ Ադամ Սահակյանի և Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է։ Ի դեպ, ասուլիսի օրվա ընտրության խորհրդանշականությունը հիշեցրեց Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց՝ 2017-ի ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Նախքան հարցերին անցնելը Սարգսյանը թղթից ընթերցեց Ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովին իր ներածական խոսքը. տեքստը գրված էր խոշոր տառերով, տեղ-տեղ տողադարձեր էին։

Սերժ Սարգսյանի սեղանին ջրով լի բաժակը փոխվում էր. ռեստորանի աշխատակիցն արագ բերում էր նորը, ընթացքում որոշ բաներ շշնջում նրա ականջին։

Լրագրողների հետնամասում ասուլիսին հետևում էին ՀՀԿ-ի երիտասարդական թևի անդամները։ Այնտեղ էր նաև «Ադեկվադ» միաբանության անդամներից մեկը, որը լուսանկարներ էր անում։

Սարգսյանից առաջ ասուլիսի վայր էր եկել Արմեն Աշոտյանը, որը նախ ջերմ ողջագուրվեց լրագրողներից որոշների հետ, այնուհետև լրագրողների շարքերից հետևում էր իր կուսակցության ղեկավարի ելույթին։

Հարցերին պատասխանելիս Սարգսյանը մերթընդմերթ դրանք զտում էր. «Շնորհակալ եմ, բայց դա ասուլիսի թեմայի հետ կապ չունի» կամ էլ՝ «Ես չեմ կարող խախտել այդ պայմանավորվածությունը, բայց դրան անպայման կանդրադառնանք», իսկ որոշների դեպքում թռուցիկ պատասխանում էր՝ իր խոսքը սկսելով «բայց, այնուամենայնիվ, ասեմ…» արտահայտությամբ։ 

Լրագրողներից մեկի հարցին էլ ի պատասխան, Սարգսյանն ասաց, որ իրեն կպատասխանի, բայց պայմանով, որ ոչ ոքի չի փոխանցի այդ տեղեկությունը։ Ասուլիսից հետո երեք թիկնապահներով շրջապատված Սարգսյանը կատարեց խոստումը։

Ասուլիսը տևեց շուրջ երեք ժամ։ 

Գևորգ Թոսունյան

Ժաննա Ավագյան