ԿԳՄՍ-ն հրապարակել է COVID-19 պայմաններում դասապրոցեսի կազմակերպման ուղեցույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը։

Ըստ ուղեցույցի՝

  • Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ:
  • 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:
    Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվում է սույն ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ:
  • Ուղեցույցը պարտադիր է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից:
  • Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։

Ուղեցույցը կազմված է մասերից, որտեղ ներկայացված են ընդհանուր կանոններ՝ անձնակազմի, տարածքի կազմակերպման և ախտահանման, ուսումնական գործընթացի կազմակերպման մասին։

Ուղեցույցից պարզ է դառնում , որ դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը լինելու է 20-ը, 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանը բաժանվելու է 2 խմբի։ Դասարանները բաժանվելու են խմբերի՝ ելնելով 1,5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորությունից։ Մինչև 20 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կկազմակերպվի նվազագույնը 54 մ2 մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում կամ բացօթյա տարածքներում։

Ուղեցույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://escs.am/am/news/6953

Մեկնաբանել