Հայկական բանակի ծնունդը. 21 օգոստոս, 1990 թվական

Հայկական բանակի օր նշվում է ամեն տարվա հունվարի 28-ը, քանի որ 1992 թվականի այդ օրը Հայաստանի կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը:

Իրականում Հայկական բանակի ստեղծման ակունքները հասնում են մինչև 1990-ի օգոստոս, երբ Խորհրդային Հայաստանում իշխանության եկավ Հայոց համազգային շարժումը՝ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելով կոմունիստներին:

30 տարի առաջ այս օրը՝ 1990թ. օգոստոսի 21-ին, նորանշանակ վարչապետ Վազգեն Մանուկյանը ստորագրեց թիվ 411 հրամանագիրը, որը կրում էր «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումը ներքին գործերի նախարարությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին»: Ստորաբաժանումը ձևավորվելու էր կամավորության սկզբունքով:

Որոշման մեջ մասնավորապես ասվում էր. «Ելնելով Գերագույն խորհրդի կողմից հռչակված նպատակից՝ սկսելու անկախ պետականություն հաստատելու գործընթացը, սահմանակից շրջանների պաշտպանության, խմբակային զինված հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը… նախարարների խորհուրդը որոշում է ստեղծել հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկ ստորաբաժանումներ»:

Ավելի հստակ՝ դա Հատուկ գունդն էր, որի առաջնային խնդիրներից էր «սահմանամերձ շրջանների պաշտպանության և բնակչության անվտանգության ապահովումը»:

Հետագայում Վազգեն Մանուկյանը ասել է. «Որպես վարչապետ ես ստորագրեցի հրամանը` ստեղծել պաշտպանության կոմիտե, հրամանը կար, չէի հրապարակում, սպասում էի, որ հարմար պահ լինի, Մոսկվայի գլուխը ուրիշ բանով զբաղված լինի, որ այդ հրամանը տանենք առաջ առանց վտանգելու քաղաքական մեր իրավիճակը: Եվ դա հաջողվեց, ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն»:

Մի քանի օր անց՝ 1990-ի օգոստոսի 29-ին, Գերագույն խորհրդի նախագահ և երկրի փաստացի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ Հայոց ազգային բանակը՝ ՀԱԲ-ը, զինաթափ արվեց:

Վազգեն Մանուկյանն ասել է. «Ոչ կարգավորված խմբերը միշտ մեծ վտանգ են ներկայացնում երկրի կայունության և պաշտպանության հարցում: Մեզ պետք էր բոլոր կռվող տղաներին մտցնել կառույցների մեջ: Հատուկ գնդի ձևավորումը կարծես թե միակ հնարավոր լուծումն էր: Զինված ջոկատների տղաների մի մասը համաձայնվեցին մտնել այդ գնդի մեջ: Կառավարության որոշումով իրենք զենք էին վերցնում իրենց ձեռքը և ծառայում հայրենիքին»:

Խորհրդային Հայաստանի ներքգործնախարար (1990-1991) Կարլոս Ղազարյանը ասել է. «Ես մեկնեցի Մոսկվա, որպեսզի հիմնավորեմ Հատուկ գնդի ստեղծման նպատակը: Այն ժամանակ նախարարը Բակատինն էր: Կառավարության որոշումը կար, բայց Մոսկվան դեռ կար, մենք պարտավոր էինք այդ հարցերը կարգավորել: Ես Հայաստանի ղեկավարությանը` Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վազգեն Մանուկյան, խնդրեցի, որ իմ բացակայության ժամանակ շքերթներ, ցուցադրական այլ բաներ չարվեն, որպեսզի ես Մոսկվային կարողանամ ապացուցել, որ գունդը հասարակական կարգի պահպանման նպատակով է ստեղծված: Բակատինը սեղանին դրեց թերթը և ասաց. «Դուք բանակ ե՞ք ստեղծում»: Ասացի՝ ոչ, մենք ստեղծում ենք գունդ հանցագործության դեմ պայքարը ուժեղացնելու նպատակով»:

Սեպտեմբերի 2-ին ստեղծվեց կազմավորման հիմնադիր խումբ Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ: Նա Գերագույն խորհրդում հանդես եկավ հայտարարությամբ և կոչ արեց անդամագրվել կառույցին: Սեպտեմբերի 3-ին առաջին զինվորագրվողները արդեն շարքեր էին կանգնել Գերագույն խորհրդի շենքի մոտակայքում: Երկու օրում գրվեց 1200 դիմում: Մանդատային հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 23-ը 2 000-ից ընտրեց 800-ին:

Կարլոս Ղազարյանը հիշում է. «Դժվարություններ եղան, տղաներից շատերը չէին ուզում, որ գունդը լինի միլիցիայի` ՆԳՆ կազմում: Հետագայում նրանցից շատերը դարձան ՆԳՆ աշխատակիցներ: Սկզբում չէին ուզում հագուստ: Մենք միլիցիայի հագուստ չհագցրեցինք, այլ ներքին զորքերի: ՆԳՆ-ը երկու տեսակ հագուստ ուներ»:

Սեպտեմբերի 15-ին Կառլոս Ղազարյանը՝ Վազգեն Սարգսյանի համաձայնությամբ, Հատուկ գնդի հրամանատար նշանակեց Սերգեյ Առաքելյանին:

Սկզբանական շրջանում գունդը կազմված էր 26 վաշտից. մայրաքաղաքային վեց վաշտ, որոնք ընդգրկված էին առաջին և երկրորդ գումարտակներում, մեկ դեսանտային վաշտ և սահմանային հատուկ վաշտեր:

Սեպտեմբերի 24-ին գնդի կազմավորման ընթացքին ծանոթանալու համար հավաքակայան այցելեցին Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, հոգևորականներ: Այդ օրը կայացավ զինվորական քայլերգով ուղեկցվող շքերթ:

«Հասնինք Սասուն, մտնինք Վան` Մուշ, Ալաշկերտ, Արդահան»,- երգելով՝ անցնում էին Հատուկ գնդի ներկայացուցիչները: Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ գնդի երդման հանդիսավոր արարողությունը: Ներկա էր նաև վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Սերգեյ Առաքելյանը հիշում է. «Առաջինը ես ընդունեցի երդում ամբողջ գնդի առաջ: Աստվածաշնչի վրա դնում էինք ձեռքը, մյուս ձեռքին բռնած կարդում է երդման տեքստը, որից հետո ստորագրում»:

Գուրգեն Մելքոնյանը գնդի հրամանատարներից էր. «Հայկական բանակ էր ստեղծվում, հայերեն էինք երգում: Հրամանները տրվում էին հայերեն: Հուզմունքից բոլորը լաց էին լինում: Ովքեր համազգեստ ունեին, հատկապես մեծ մարդիկ, օձիքներ էին կրել: Սափրված էին: Կային որոշ մարդիկ, որոնք չէին ուզում մորուքներից հրաժարվել: Ֆիդայությունից դառնում էին զինվորական: Մեծ մասը երդվել էին, որ իրենք իրենց մորուքները կսափրեն այն ժամանակ, երբ Արցախը ազատագրված կլինի, կլինի մերը»:

Վազգեն Մանուկյանը ողջույնի խոսքում ասաց. «Այժմ մենք ունենք մեր հանրապետությունը: Այն դեռ լրիվ անկախ չէ: Բայց մենք քայլում ենք այդ ուղղությամբ և կհասնենք քաղաքական, տնտեսական անկախության: Մենք կունենանք հզոր պետություն, հզոր բանակ, հզոր տնտեսություն և կվերադարձնենք մեր նախնիների փայլը»:

Այսպես դրվեց Հայկական բանակի հիմքը:

Դա այն բանակն էր, որ կերտեց Արցախյան հաղթանակը:

Մեկնաբանել