Ամուլսարում կեսգիշերին լարված է եղել. ինչ են ասում բնապահպաններն ու «Լիդիան Արմենիան»

Իրավիճակն Ամուլսարում կեսգիշերին լարված է եղել․ այդ մասին հայտարարել է Հայկական բնապահպանական ճակատը։ Համաձայն բնապահպանների՝ «հարյուրի հասնող պահնորդները շրջափակել են պահապաններին, մեքենան տեղափոխել են, ու այս պահին ուզում են տեխնիկա մտցնել տարածք։ Տեղում ոստիկանները Լիդիանի տեխնիկան էին պաշտպանում»։

Միաժամանակ հայտարարություն է տարածել նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը՝ հիշեցնելով, որ «Ամուլսարի շուրջ արդեն երկու տարի ապօրինություն իրականացնող խմբավորումը շարունակում է սեփական մեքենաներն ապօրինաբար կայանել Ամուլսարի մուտքերի մոտ՝ «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում»։

Ըստ ընկերության՝ ստիպված են եղել «սեփական ուժերով ընկերության տարածքից հեռացնել ապօրինություն իրականացնողների մեքենաները՝ տարածքում անհրաժեշտ տարրական կենսական պայմանները, ինչպես նաև պահնորդների անխափան ելումուտն ապահովելու համար»: 

Կառավարությունը Ամուլսարի շուրջ զարգացումները չի մեկնաբանում․ օգոստոսի 20-ին Ջերմուկ համայնքի բնակիչներից կազմված խումբը ավտոերթով հասավ Երևան։ Բնապահպաններն ու ջերմուկցիները երթով շարժվեցին դեպի կառավարության շենք՝ գործադիրից պահանջելու Ամուլսարի հանքի շահագործման հարցի հստակեցում։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում տվյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

2019-ի մարտի 18-ից ՀՀ քննչական կոմիտեում քննվում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործը։

Այդ գործի շրջանակում նախորդ տարի կառավարությունը սկզբում 400 հազար դոլար, ապա ևս 54 հազար դոլար հատկացրեց լիբանանյան «Էլարդ» ընկերությանը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրում ուսումնասիրություն կատարելու համար։

«Էլարդն» Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցով հարուցված քրեական գործով իրականացրել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական և այլ բնույթի փորձաքննություններ, որոնց ավարտին հրապարակած եզրակացությունը ավելի մեծ հարցեր առաջացրեց։  

Ամուլսարի հանքը շահագործվելու է աննախադեպ բնապահպանական ստանդարտներով․ Փաշինյան

Ամուլսարի հարցին մեկ տարի առաջ՝ 2019-ի օգոստոսին, անդրադառնալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ «եթե պարզվի, որ հանքի շահագործումից հետո «օդն ու ջուրը կեղտոտվելու է, ապա այն չի շահագործվի, բայց եթե պարզվի, որ այդպես չի, ուրիշ իրավիճակ է»։

Տեսանյութը՝ 2019-ի

Գևորգ Թոսունյան