Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Տրուդ» թերթին, որում անդրադարձել է հուլիսին Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական էսկալացիային, դրան հանգեցրած պատճառներին։ Ըստ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների՝ հուլիսյան էսկալացիայի համար Լավրովը Հայաստանին է մեղադրում։
«Ի՞նչ է կանգնած հայ-ադրբեջանական սահմանին հերթական լարվածության հետևում, և որքանո՞վ է հավանական լարվածության վերաճումը մասշտաբային հակամարտության հարցին» Լավրովը պատասխանել է․ «Հուլիսի 12-16-ը սահմանային հակամարտությունը դարձել է 1994թ․ մեր միջնորդությամբ Զինադադարի մասին պայմանագրի ստորագրումից ի վեր երկրորդ ամենամասշտաբային հակամարտությունը (2016թ․ ապրիլից հետո)։
Վերջին 26 տարում բարձր ինտենսիվության ռազմական բախումներ են եղել դաշտային հրետանու, ականանետերի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ ոչ ղարաբաղյան շփման գծում, այլ անմիջապես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի մի հատվածում։
Հակամարտությունը հետևանք է պատճառների մի ամբողջ համալիրի։ Հիմքում, իհարկե, ղարաբաղյան հիմնախնդրի չկարգավորված լինելն է, սահմանի երկու կողմերում հանրային տարածքի բացառիկ թեժացումը։ Ինչ-որ առումով ձգանը քաշել է նաև աշխարհագրական գործոնը․ հայկական կողմի որոշումը՝ վերակենդանացնել հին հսկիչ անցագրային կետը, որը տեղակայված է ադրբեջանական արտահանման խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա, հանգեցրել է մի կողմի մեծ անհանգստությանը, մյուս կողմի՝ չարդարացված արձագանքին, և արդյունքում գործի է դրել առճակատման անիվը՝ ամենաանկանխատեսելի հետևանքներով։
Իրավիճակը կայունացնելու համար հուլիսի 13-ին ՌԴ ԱԳՆ-ն դիմել է կողմերին կրակի անհապաղ դադարեցման կոչով։ Հեռախոսազրույցներ եմ անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներիս հետ, հանդիպումներ եմ ունեցել կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք միավորում են Ռուսաստանի՝ ազգությամբ ադրբեջանցի և հայ քաղաքացիներին։
Երկու համայնքները պետք է ամբողջությամբ գիտակցեն իրենց պատասխանատվությունը ՌԴ օրենքների պահպանման, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող մթնոլորտի ստեղծման համար։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը այս ընթացքում ուղիղ կապ է պահել երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարության հետ։
Արդյունքում ռուսաստանյան ակտիվ միջնորդությամբ ոչ առաջին փորձից, բայց հասել ենք հուլիսի 16-ից հրադադարի ռեժիմի պահպանման։
Օգոստոսին իրավիճակը քիչ թե շատ կայունացել է։ Սահմանին և շփման գծում պահպանվում է հարաբերական անդորր։
Նվազել են նաև հանրային փոխադարձ մեղադրանքները։ Ակնկալում ենք ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսում։ Աշխատում ենք այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ համատեղ»։
Ստելլա Մեհրաբեկյան