10 մլն ԱՄՆ դոլար կուղղվի անտառների վերականգնմանը․ Ռոմանոս Պետրոսյան

10 մլն ԱՄՆ դոլար կուղղվի անտառների վերականգնմանը և կստեղծվեն հարյուրավոր նոր աշխատատեղեր․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Միջազգային համագործակցության կարևորությունը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է։ Մենք կարևորում ենք միջազգային ֆինանսական հոսքերի ուղղումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացմանը, քանզի համաշխարհային էկոհամակարգը միասնական ու ամբողջական օրգանիզմ է, ու այդ օրգանիզմի առողջ ու կենսունակ լինելու համար խիստ անհրաժեշտ է միասնական ջանք ու ներդրում»,- նշել է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝  օգոստոսի 19-ին «Կանաչ կլիմայական հիմնադրամը» բավարարել է Հայաստանի կողմից 2019 թվականին ներկայացված հայտը, որի արդյունքում շուտով Հայաստանին կտրամադրվի 10 մլն դոլարի չափով դրամաշնորհ՝ անտառների վերականգնման, դիմադրողականության հզորացման, ժամանակակից տնկարանների հիմնման ու գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի զարգացման աջակցությանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով։

Ծրագիրը լուծում է ոչ միայն կենսական նշանակության բնապահպանական խնդիր, այլ իր մեջ պարունակում է ոչ պակաս կարևոր սոցիալական տարր․ արդյունքում համայնքներում կստեղծվեն հարյուրավոր աշխատատեղեր։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 18,7 մլն ԱՄՆ դոլար (ներառյալ 10 միլիոն ԿԿՀ և 5,9 մլն` Կառավարության կողմից)։

” alt=”” />