Թուրքիան աստիճանաբար հրաժեշտ է տալիս ռուսական գազին

Նախորդ շաբաթվա ընթացքում Թուրքիան անհամբերությամբ սպասում էր ուրբաթ օրը նախատեսված Նախագահ Էրդողանի ելույթին։ Դրանից մի քանի օր առաջ Նախագահն արդեն հաղորդել էր, որ օգոստոսի 21-ին շատ լավ նորություն է հայտնելու, որը Թուրքիայի համար նոր դարաշրջանի սկիզբ է դառնալու։ Լուրի բովանդակության վերաբերյալ Թուրքիայում կարծիքները տարբեր էին. Սև ծովում գազային խոշոր հանքավայրի հայտնաբերում, «Ստամբուլ» ջրանցքի շինարարության մեկնարկ և գրեթե ֆանտաստիկ թվացող Թուրքիայի կողմից Լոզանի պայմանագրի չեղարկում։ Ի վերջո հաղթանակ արձանագրեցին առաջին վարկածի կողմնակիցները։ Նախագահ Էրդողանը հայտարարեց Սև ծովի Թուրքիայի բացառիկ տնտեսական գոտու տարածքում 320 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարներ հայտնաբերելու մասին և նշեց, որ Սաքարյա անվանված հանքավայրից գազի արդյունահանումը նախատեսվում է սկսել 2023 թ.։

Այս հայտարարությունից հետո ակտիվացան քննարկումները Թուրքիայի՝ ռուսական գազից կախվածության նվազման խնդրի շուրջ։ Նմանատիպ զարգացման հավանականությունը գնահատելու համար անհրաժեշտ է նախ ֆիքսել, որ 2019 թ. Թուրքիան սպառել է մոտ 45 միլիարդ խորանարդ մետր գազ և այս պահի դրությամբ ներմուծում է սպառվող գազի գրեթե ամբողջ ծավալը՝ մոտ 98 տոկոս։ Թուրքիան խողովակաշարային գազ է ներմուծում երեք պետություններից՝ Ռուսաստան, Ադրբեջան, Իրան։ Միևնույն ժամանակ Թուրքիայում գործում են հեղուկացված բնական գազի (LNG) ներմուծման չորս տերմինալներ, որոնցից առաջինը կառուցվել է դեռևս 1994 թ. երկրորդը՝ 2006 թ. և ևս երկու լողացող հեղուկացված գազի տերմինալներ գործարկվել են 2016 և 2018 թթ։

Մինչև 2012 թ. Թուրքիան երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա հեղուկացված գազ էր ներմուծում Ալժիրից և Նիգերիայից, սակայն վերջին տարիներին դիվերսիֆիկացրել է հեղուկացված բնական գազի ներմուծման աղբյուրները։ Ներկայումս Թուրքիան հեղուկացված գազ է ներմուծում նաև Քաթարից, իսկ 2016 թ. դարձավ առաջին առաջին եվրոպական պետություններից մեկը, որ հեղուկացված բնական գազ սկսեց ներմուծել ԱՄՆ-ից։ Վերջին տարիներին Թուրքիա հեղուկացված բնական գազի ներմուծման ծավալներն անընդհատ աճում են։ Եթե 2015-2018 թթ. դրանք կազմում էին գազի ներմուծման ընդհանուր ծավալի մոտ 20 տոկոսը, ապա 2019 թ. առաջին կիսամյակի տվյալներով Թուրքիան ներմուծել է 16 միլիարդ խորանարդ մետր խողովակաշարային և 7 միլիարդ խորանարդ մետր հեղուկացված գազ։ Միևնույն ժամանակ արձանագրվում է բնական գազի սպառման ծավալների զգալի աճ։ 2017 թ. Թուրքիայում սպառված բնական գազի ծավալները 2008 թ. համեմատությամբ ավելացել են շուրջ 50 տոկոսով։ 

Հարկ է նաև ընդգծել, որ վերջին երեք տարիներին նկատվում է ռուսական խողովակաշարային գազի ներմուծման ծավալների զգալի անկում։ 2007 թ. Թուրքիան Ռուսաստանից ներմուծել է 22 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ 2017 թ. գրանցվել է ռուսական գազի ներմուծման ծավալների ռեկորդային ցուցանիշ՝ շուրջ 30 միլիարդ խորանարդ մետր։ Սակայն արդեն 2018 թ. ռուսական գազի ներմուծման ծավալները կազմել են 23.5 միլիարդ խորանարդ մետր, 2019 թ.՝ 15.5 միլիարդ խորանարդ մետր, իսկ 2020 թ. առաջին կիսամյակի ընթացքում՝ 4.7 միլիարդ խորանարդ մետր։ Միևնույն ժամանակ, զգալիորեն ավելացել է բնական գազի ներմուծումը Իրանից և Ադրբեջանից։ Եթե 2007 թ. Իրանից ներմուծվել է 4.1, իսկ Ադրբեջանից 4.5 միլիարդ խորանարդ մետր գազ, ապա արդեն 2018 թ. այդ ցուցանիշը համապատասխանաբար կազմում էր 7.8 և 7.7 միլիարդ խորանարդ մետր։

2019 թ. վերջին Հարավային գազային միջանցքի մաս կազմող և տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր թողունակություն ունեցող տրանսանատոլիական գազամուղի գործարկումից հետո Ադրբեջանից Թուրքիա բնական գազի մատակարարումը կավելանա տարեկան ևս 6 միլիարդ խորանարդ մետրով։ Փաստորեն կարող ենք արձանագրել, որ ռուսական գազի ներմուծման ծավալները նվազել են ինչպես Ադրբեջանից և Իրանից ներկրվող խողովակաշարային գազի, այնպես էլ հեղուկացված բնական գազի ներմուծման ծավալների ավելացման հաշվին։ 

Մինչև 2019 թ. ավարտը Ռուսաստանից բնական գազը Թուրքիա էր հասնում երկու խողովակաշարերով՝ Սև ծովի հատակով անցնող 2003 թ. գործարկված «Կապույտ հոսք» գազամուղով, որի թուղանակությունը տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր է, և «տրանսբալկանյան գազամուղով», որը Թուրքիա է հասնում Ուկրաինայի, Ռումինիայի և Բուլղարիայի տարածքով՝ ռուսական գազ մատակարարելով նաև Հունաստանին, Բուլղարիային և Հյուսիսային Մակեդոնիային։

2020 թ. հունվարի 8-ին Թուրքիայում պաշտոնապես գործարկվեցին Սև ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա ձգվող «Թուրքական հոսք» գազամուղի երկու խողովակաշարերը՝ յուրաքանչյուրը տարեկան 15.75 միլիարդ խորանարդ մետր թողունակությամբ։ Նախատեսվում է առաջին խողովակաշարն օգտագործել բացառապես թուրքական ներքին շուկայի կարիքների համար, իսկ երկրորդը՝ Թուրքիայի և Բուլղարիայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարման նպատակով։ 

Երկրորդ խողովակաշարի գործարկման հիմնական նպատակը Ուկրաինայի տարածքով ռուսական գազի՝ Բալկաններ տարանցման դադարեցումն էր, որը «Հյուսիսային հոսք 2» գազամուղի գործարկման հետ միասին հնարավորություն պետք է տար Ռուսաստանին գրեթե ամբողջությամբ դադարեցնել գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով։ Սակայն 2019 թ. դեկտեմբերին «Հյուսիսային հոսք 2» գազամուղի դեմ ամերիկյան պատժամիջոցների կիրառումից հետո վերջինիս շինարարությունն անորոշ ժամկետով սառեցվել է, իսկ ամերիկացիները սպառնում են պատժամիջոցներ կիրառել նաև դեպի Եվրոպա գազի արտահանում նախատեսող «թուրքական հոսքի» երկրորդ խողովակաշարի նկատմամբ՝ դրանով կասկածի տակ դնելով տվյալ գազամուղի շահագործման հնարավորությունը։

Ներկայումս Ռուսաստանի համար հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Միայն «Կապույտ հոսք» խողովակաշարով այն կարող է Թուրքիա արտահանել տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն 2020 թ. ամենայն հավանականությամբ Ռուսաստանից Թուրքիա գազի մատակարարումները չեն գերազանցի 10 միլիարդ խորանարդ մետրը, և «Կապույտ հոսք» գազամուղը չի օգտագործվի ողջ ծավալով։ Սա նշանակում է, որ անհնար է դառնում «Թուրքական հոսք» գազամուղի առաջին խողովակաշարով 15.75 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարումը թուրքական շուկա։

Այս պայմաններում «Թուրքական հոսքի» առաջին խողովակաշարը Ռուսաստանը կարող է օգտագործել բացառապես Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա գազի արտահանում կազմակերպելու համար։ Սակայն դա նշանակում է տարանցիկ նպատակներով օգտագործել «Թուրքական հոսքի» ամբողջ թողունակությունը տարեկան 31.5 միլիարդ խորանարդ մետր ծավալով։ Մինչդեռ դրա համար չկան կնքված պայմանագրեր, իսկ ամերիկյան հնարավոր պատժամիջոցները կասկածի տակ են դնում նույնիսկ «թուրքական հոսքի» երկրորդ խողովակաշարով տարեկան 15.75 միլիարդ խորանարդ մետր գազի արտահանման հնարավորությունները։ Այս իրավիճակը լուրջ հարված է Ռուսաստանի համար, որը զգալի միջոցներ է ներդրել «Թուրքական հոսքի» կառուցման նպատակով։

Հաշվի առնելով առաջիկա տարիներին ինչպես ադրբեջանական խողովակաշարային, այնպես էլ հեղուկացված բնական գազի ներմուծման ծավալների սպասվող աճը՝ ամենայն հավանականությամբ ռուսական գազի ներկայությունը թուրքական շուկայում կշարունակի նվազել։ Սակայն այս գործընթացի վրա Սև ծովում հայտնաբերված թուրքական գազային հանքավայրի ազդեցությունն առայժմ գրեթե զրոյական է։ Նախ, նույնիսկ լավագույն դեպքում նշված հանքավայրից գազի կոմերցիոն արդյունահանումը կարող է սկսվել 2026 – 2027 թթ., բացի այդ, հաշվի առնելով Թուրքիայում գազի սպառման ծավալների աճի միտումները, այն չի կարող էականորեն ազդել գազի ներմուծման պահանջարկի վրա։ Ամենայն հավանականությամբ, թուրքական շուկայում տեղական գազի հայտնվելու հեռանկարը պետք է ավելի շատ անհագստացնի ոչ թե Ռուսաստանին, այլ Ադրբեջանին, Իրանին և Թուրքիա հեղուկացված բնական գազ մատակարարող պետություններին։