Բողոքի ցույցեր՝ Բելառուսում․ Լուկաշենկոն՝ ինքնաձիգով, բելառուսները՝ պաստառներով

Բելառուսում խաղաղ ցույցերի 15-րդ օրը՝ օգոստոսի 23-ին, տարբեր քաղաքներից մարդիկ են հավաքվել՝ պահանջելով արդար ընտրությունների անցկացում, քաղբանտարկյալների ազատ արձակում և ուժայինների կողմից խոշտանգումների հետաքննություն։

Նախօրեին Մինսկի Անկախության հրապարակում տեղի ունեցած հերթական հանրահավաքին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ․ այս մասին գրում է «Բելսատը»։ 

Ակցիաները տեղի են ունենում Բելառուսի տարբեր քաղաքներում, բայց ամենամեծը՝ Մինսկում։  

Օգոստոսի 23-ին հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և 15-ամյա որդին  տեսախցիկների առաջ հայտնվում զրահաբաճկոնովներով և ինքնաձիգերով։

Տեսանյությում Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանում է իր նստավայրը՝ Անկախության պալատ, որը երեկ ամբողջ օրվա ընթացքում շրջափակված էր ոստիկաններով: Հրապարակված տեսանյութում լսվում է Լուկաշենկոյի ձայնը, որը վերևից դիտելով պողոտայով երթ անցկացնող ցուցարարների բազմությանը՝ ասում է․ «Առնետների նման ցրվել են»:

Այսօր՝ օգոստոսի 24-ին հայտնի դարձավ, որ Մինսկում ձերբակալվել են Ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ Օլգա Կովալկովան և Սերգեյ Դիլևսկին: Ուժայինները նրանց նստեցրել են մեքենա և տարել անհայտ ուղղությամբ։

Ըստ որոշ լրատվականների՝ նրանց մեղադրել են չարտոնված զանգվածային միջոցառում կազմակերպելու մեջ:

Գրոդնոյում ռադիոյով հաղորդում են բողոքի դուրս գալու համար վարչական և  քրեական պատասխանատվության մասին:

Գեղեցիկ Ոսկանյան