Պաշտոնական Բեռլինը չի բացառում Ալեքսեյ Նավալնիի թունավորումը

Գերմանիայի կառավարությունը չի բացառում, որ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որին բուժման նպատակով տեղափոխվել են Բեռլինի «Շարիտե» կլինիկա, թունավորվել է․ այս մասին գրում է գերմանական Deutsche Welle-ն։ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը խիստ հավանական է համարել թունավորումը։

«Ցավոք, ռուսական նորագույն պատմության մեջ եղել են մի քանի կասկածելի դեպքեր»,- նշել  է նա: 

Պաշտոնական Բեռլինը միջադեպի հետաքննության հարցում լիակատար թափանցիկության կոչ է արել: 

Զայբերտը ընդգծել է, որ Նավալնին կառավարական հյուրի կարգավիճակով չէ տեղափոխվել Գերմանիա: Նրա խոսքով ՝ ընդդիմադիր գործիչը Բեռլինի «պաշտոնական հրավեր» չի ստացել, իսկ կանցլեր Անգելա Մերկելը մարդասիրական նկատառումներից ելնելով՝ արձագանքել է Նավալնիի հարազատների խնդրանքին՝ նպաստել նրա ՝ Գերմանիա տեղափոխվելուն: Նավալնիին Օմսկից Բեռլին տեղափոխելը կազմակերպել են մասնավոր անձինք․ նշել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը։

Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին գտնվում է Օմսկ քաղաքի հիվանդանոցում: Նա օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ վատ է զգացել, ինչից հետո ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում: Նավալնին կորցրել է գիտակցությունը, նրան մտցրել են արհեստական կոմայի մեջ։ Շրջանառվող լուրերի համաձայն նրան թունավորել են։

Նավալնիի կինը Պուտինից պահանջել է թույլ տալ ամուսնուն տեղափոխել Գերմանիա՝ բուժման

Գեղեցիկ Ոսկանյան