Սփյուռքը վերջիվերջո պիտի դատարկվի․ Արցախում հաստատված հալեպցու խորհուրդները

Էսմերյան եղբայրները՝ Հովիկը և Վրեժը, 2012-ին Հալեպից տեղափոխվել են Արցախ, այստեղ սկսել զբաղվել գյուղատնտեսությամբ՝ Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի մոտ։ Ստեփանակերտի իրենց տանը կից բացել են մերձավորարևելյան ուտեստների արագ սննդի կետ։ Հովիկ Էսմերյանն իր ջերմոցներից մեկում ՍիվիլՆեթին պատմում է հայրենադարձության և ներդրումը հայրենիքում անելու կարևորության մասին։ 

Մենք ընտանիքով Սիրիայից տեղափոխվեցինք 2012-ին։ Արդեն այդ նախազգացումը կար, որ Արաբական գարուն ասվածը հասնելու է Սիրիա։ Դրա համար որոշեցինք՝ ես ու եղբայրս, որ պետք է որոշում առնենք, որ Աստված մի արասցե, եթե մի բան պատահի, մենք մի տեղ պիտի գնանք։ Ես գնացի Ինդոնեզիա, Վրեժը եկավ Հայաստան, Արցախ։ Ուսումնասիրեցինք, վերադարձանք։ Այս ամենը 2011-ի սկզբին էր։ 

Հանդիպեցինք, ես իմ տեսածները պատմեցի, ինքը՝ իր, և ավելի շիտակ տեսանք Հայաստան վերադառնալը, որովհետև այն համոզմունքն ունեինք, որ արտասահման ինչքան էլ հզոր լինես, որքան էլ զորանաս, վերջիվորջո մի կետ կա, որ կհասնես, որտեղ երկընտրանքի առաջ ես՝ կա՛մ քո հայությունը պիտի պահպանես և ինքնաբերաբար արդեն դրա հետևանքները կրես, կա՛մ էլ հանգիստ կյանք պիտի վարես ու ձուլվես այդ տարբեր երկրների համայնքների մեջ։ 

Այնպես է ստացվել, որ մենք՝ հայերս, ուր եղել ենք, միշտ շինել ենք, զարգացրել ենք, վերջում ամենը իրենց թողել՝ բոլորին․․․ Ստամբուլի, Թիֆլիսի լավագույն տեղերը հայերն են սարքել․․․ Հնդկաստանում՝ Կալկաթան, Ինդոնեզիայում՝ Ջակարտայի կենտրոնում, մենք եկեղեցի ենք ունեցել, Սինգապուրում ևս՝ քաղաքի կենտրոնում եկեղեցի։ Բայց ի՞նչ օգուտ, որ հայ չի մնացել։ Դրա համար որոշեցինք դառնալ ետ, որ ինչ անենք, անենք մեր հողի վրա, այնտեղ, որտեղ մնալու է։ Մնալու է, ինչպես որ մնաց Դադիվանքը, ինչպես որ մնաց Գեղարդը, ինչպես որ մնաց Գառնին․․․ 

Եկանք Հայաստան աշխարհ, ուսումնասիրեցինք Հայաստանի Հանրապետությունը, վերջը տեղափոխվեցինք Արցախի Հանրապետություն։ Արցախը ավելի հոգեհարազատ գտանք․ թե՛ ժողովուրդը՝ որպես պատերազմ անցած, ավելի մեղմ էր, ավելի հասկացողական էր, թե՛ կառավարության տված արտոնությունները մեզ ձեռք էին տալիս․․․

Սփյուռքահայությունը՝ կազմակերպությունները, կուսակցությունները, եկեղեցին, մի կողմից, և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների կառավարությունները միասնաբար նախագծեր պետք է անեն՝ փոքր թաղամասեր հիմնելու մեծ քաղաքներում։ Որովհետև գիտե՞ք՝ դժվար է Բեյրութում ապրող հային կամ Հալեպի կենտրոնում ապրող հային բերես, իրեն միանգամից նետես, օրինակ, Կովսականում։  

Հալեպի մեջ մենք, օրինակ, ունեինք յոթ առաքելական եկեղեցի, չորսից ավելի գործող թատրոն։ Պետությունը կամ նույնիսկ պետական արտիստները վարձակալում էին մեր հայկական թատրոնը, որպեսզի այնտեղ անեն իրենց բեմադրությունները։ Այնտեղ մենք ունեինք չորսից ավելի մարզական ակումբ։ […]  Հայրենասիրություն… բոլորն էլ հայրենասեր են, բոլորն էլ ուզում են վերադառնալ, բայց դու չես կարող մի տեղից մյուս տեղ անմիջապես այսպես նետելու պես անել։ Դրա համար դա պետք է կազմակերպվի։ 

Եթե Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը ուզում են, որ սփյուռքահայությունը կամաց-կամաց սկսի գոնե մտածել կամ գոնե դժվար տեղերից արդեն վերադառնան, նրանք համայնքների հետ [պետք է աշխատեն]։ Համայնքն ինքը՝ ամեն մեկը, կարող է իր ներդրումն ունենալ։ Մարդը գոնե կիմանա՝ տուն ունի, կամաց-կամաց այդ տան բաժինը կտա։ Պետությունը կերաշխավորի, որ դա սուտ չէ  կամ խաբեբայություն չէ։ 

Ես վստահ եմ, որ պետությունը շատ ավելի արագ կզարգանա և, ինքնաբերաբար, ամեն հայ ավելի կկապվի հայրենիքին։ Միևնույն ժամանակ, դա չի նշանակում,- դա շատ կարևոր է սփյուռքի մեր  կազմակերպությունների և եկեղեցու համար,- որ  սփյուռքը դատարկվելու է։ 

Սփյուռքը վերջիվերջո պիտի դատարկվի, որովհետև մենք ունեցել ենք Կալկաթա, մենք ունեցել ենք Սինգապուր։ Ո՞ւր են։ Ի՞նչ ունենք հիմա։ Քանի՞ հայ կա։ Որքանո՞վ կարողացավ մեր եկեղեցին կամ մեր համայնքը պահպանել Կալկաթայի հարստությունը․․․  Այսօր Հնդկաստանում հայ չկա։ Իսկ Հնդկաստանի հայերն իրենց վաճառականությամբ հասել էին մինչև Ինդոնեզիա, Չինաստան և անուն են թողել։ Այսօր Սինգապուրում թաղամաս կա, անունը Armenian Street է։ Բայց ի՞նչ է մնացել: Ոչինչ, բացի այդ եկեղեցուց կամ շենքից ու անունից․․․

Պետք է մտածել ավելին։ Փոխանակ Հալեպի պես քաղաքում ունենանք հազար հայկական դպրոց, ավելի լավ է ունենանք չորս հատ լավ դպրոց՝ բոլոր երեխաների համար։ Իսկ այդ փողը, որ պիտի դրվի դպրոցներում, տրվի համայնքին, այստեղ ամառանոց թող սարքեն․․․ Չենք ասում՝ թող տեղափոխվեն բոլորը, բայց ամառները գոնե գան այստեղ՝ տուրիզմի։  

Անժելիկա Զաքարյան, Ստեփանակերտ