Առողջական վիճակով պայմանավորված՝ Գագիկ Խաչատրյանը չի ներկայացել դատարան, նիստը հետաձգվել է․ փաստաբան

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործի քննության առաջին դատական նիստը, որը նշանակված էր այսօր, հետաձգվել է։ Նիստում դատարանը պետք է լուծեր Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։

«Գագիկ Խաչատրյանը ցանկություն էր հայտնել նույնպես ներկա գտնվելու դատական նիստին, սակայն առողջական վիճակով պայմանավորված այսօր ի վիճակի չէր ներկայանալ, հետևաբար դիմում ենք ներկայացրել՝ խնդրելով մեկ օրով հետաձգել նիստը, որպեսզի Խաչատրյանը ևս կարողանա մասնակցել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նիստը կկայանա օգոստոսի 26-ին՝ ժամը 12-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։

Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված
ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն
ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է իր որոշումը, որով բավարարել է ՀՀ ֆինանանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։

Խաչատրյանների փաստաբանական խումբը արձանագրել է, որ «ՀՀ կառավարությունը ողջամիտ որևէ
քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար ակնհայտ վտանգների առկայության պարագայում
համարժեք բուժում ապահովելու համար՝ հայտարարելով, որ աննախադեպ է Մարդու իրավուքնների եվրոպական
դատարանի վճռի չկատարումը»:

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել