Թուրքիան նոր անօդաչու սարք է արտադրում, որը կարտահանվի Ադրբեջան

Էդուարդ Առաքելյան

Հոդվածը սկզբնապես տպագրվել է Artsakhnow.am կայքում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարի ընտանիքին պատկանող Baykar Makina ընկերությունն օգոստոսի 14-ին հայտարարել է «Աքինջի» (Raider) ծանր հարվածային հետախուզական անօդաչու թռչող սարքի հաջող փորձարկման մասին: Արդեն պատրաստ են սկսել սերիական արտադրություն և մատակարարել զորքերին:

Սարքի առավելագույն թռիչքային զանգվածը 4500 կգ է, արդյունավետ բեռի քաշը` 1350 կգ (900 կգ դրսից կախված և 450 կգ ներքին խցիկներում), թռիչքի առավելագույն բարձրությունը 12 կմ է` գործողությունների շառավիղը` 600 կմ: Թռիչքի տևողությունը կազմում է 24 ժամ, ինչը կարող է նրան դարձնել ինքնուրույն և որոշ հակաօդային պաշտպանության միջոցների` հատկապես զենիթային հրանոթային համակարգերի համար անորսալի:

20 մետր թևերի բացվածք ունեցող սարքը բավական խոշոր է և մինչև 400 կմ արագության զարգացմամբ, ունեցած սպառազինությամբ, էլեկտրոնիկայով հետաքրքիր է ապագա գնորդների համար: ԱԹՍ-ը հագեցած կլինի մի քանի նպատակային ռադարներով` էլեկտրոնային սկանավորմամբ ակտիվ զանգվածով, SAR / GMTI ռադարով, մեծ տարածքներ դիտարկելու համակարգով, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով, ռադիոէլեկտրոնիկայի և ռադիոտեխնիկական հետախուզության համալիրով, ինչպես նաև արբանյակային կապի համակարգով:

Մարտագլխիկը կարող է բաղկացած լինել զինատեսակների լայն ցանկից` 8000 մետր խոցման հեռավորություն ունեցող կառավարվող հրթիռներից մինչև կախովի վեց արտաքին կետերից արձակվող տարբեր տեսակի ռումբերից: Գլխավոր զինամթերքը, թուրքական SOM թևավոր հրթիռն է` խոցման 250 կմ հեռավորությամբ, որի հիման վրա էլ «Աքինջին» մշակողների հիմնական հաշվարկներն են արվել: Հատկապես այս զինամթերքի ներառումը հնարավորություն կտա թուրքերին ստեղծել գործողությունների ավելի մեծ դիապազոն` մեծ հեռավորությունների վրա ավելի հզոր հարվածներ հասցնելու համար:

Սովորաբար Քրդստանի բանվորական կուսակցության ջոկատների, Սիրայում YPG քրդական բանակի, վերջին շրջանում նաև սիրիական բանակի և Լիբիայում մարշալ Խաֆտարի բանակի դեմ թուրքական «Բայրաքթար» ՏԲ2 ԱԹՍ-ները կարող էին աշխատել ոչ ավել քան 100 կմ խորության վրա` թիրախավորելով թեթև շինությունները և ապաստարանները, առանց զրահի կամ թեթև զրահով տեխնիկան` օգտագործելով 22 կգ-ոց թեթև կառավարվող MAM-L հրթիռներ և UMTAS հակատանկային կառավարվող հրթիռներ: Այժմ թուրքերը, ունենալով նման թևավոր հրթիռով և 600 կմ գործողության շառավղով ԱԹՍ, կարող են ստանալ ավելի լայն հնարավորություններ կրիտիկական թիրախներ ոչնչացնելու համար 700 և ավելի կմ առավելագույն հեռավորության վրա:

Անօդաչուն կհագենա ուկրաինական երկու «Ивченко-Прогресс АИ-450Т» տուրբոպտուտակային շարժիչով, յուրաքանչյուրը 450 ձիաուժ հզորությամբ: Համաձայն «Ուկրօբորոնպրոմ» կոնցեռնի մեջ մտնող Իվչենկո-Պրոգրես ձեռնարկության ուկրաինական տուրբոպտուտակային և տուրբոռեակտիվ շարժիչների արտահանման ցուցակի` 2020թ. առաջին կիսամյակում ձեռնարկությունը Թուրքիա է մատակարարել 10 ավիացիոն ԱԻ-450Տ շարժիչ: Մինչև հիմա Թուրքիան 12 նման շարժիչ է ներկրել Ուկրաինայից` 6 ԱԹՍ-ի համար, 2-ն էլ ձեռք էին բերվել 2019թ.: Ուկրաինան դառնում է Թուրքիայի գլխավոր գործընկերը անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների շարժիչների մատակարարման գծով: Թուրքիան ուկրաինական շարժիչներին նախապատվություն է տալիս ոչ միայն էժանության և հետագայում շարժիչների հավաքման հնարավոր տեխնոլոգիաներին տիրապետելու համար, այլև այն պատճառով, որ նախկին գործընկեր երկրները` եվրոպական, ԱՄՆ և Կանադա` դառնում են անհուսալի Թուրքիային տեխնոլոգիաներ մատակարարելու հնարավոր էմբարգոյի պատճառով: Հիմա Անկարան կախվածություն ունի Ուկրաինայից ավիաշարժիչի առումով, որը ենթադրում է հաճախակի սպասարկում և պահեստամասերի մատակարարում: Թուրքիան շարժիչների նմանատիպ խնդիրների է բախվում նաև ազգային ռազմարդյունաբերության այլ հիմնական նախագծերում, ներառյալ նախագծվող մարտական TFX ինքնաթիռը, հիմնական Altay տանկը և հարվածային T129 ուղղաթիռը: Արտասահմանյան արտադրության շարժիչների օգտագործումն ավելի ու ավելի է դառնում թուրքական ռազմարդյունաբերության խոցելի կողմը: Թուրքիան ապավինում է ուկրաինական տեխնոլոգիաներին և Քաթարի ֆինանսական միջոցներին` ամբողջովին տեղական տուրբոպտուտակային, դիզելային և ռեակտիվ շարժիչներ ստեղծելու համար, սակայն թուրքական ընկերությունները դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն այդ նպատակին հասնելու համար:

Անկարան նախատեսում է 6 հատ «Աքինջի» շահագործման հանձնել 2021թ. սկզբին: Այն գնելու հետաքրքրություն են ցուցաբերում Քաթարը, Մալայզիան, Ուկրաինան և Ադրբեջանը:

SOM B1 թևավոր հրթիռը

Սարքը գնելու Ադրբեջանի հետաքրքրությունը հասկանալի է, թեկուզ նրա համար, որ երկու տարի առաջ, 2018թ. հունիսի 24-ին, Բաքվում սպառազինությունների և ռազմական տեխնիկայի հերթական ցուցահանդեսին, ցուցադրվել է թուրքական SOM թևավոր հրթիռը (В1 տեսակը) ամրացված Կամազի թափքին, ճիշտ է՝ ընդամենը մեկ օրինակով: Թուրքական նոր ԱԹՍ-ին թևավոր հրթիռի ինտեգրման դեպքում Ադրբեջանը կարող է ԱԹՍ ձեռք բերել որպես այդ տիպի հրթիռի արձակման միջոց: Ավելին, թուրքերը խնդիր չեն ունենում այդ տիպի ԱԹՍ-ների արտահանման հետ կապված, ինչպես, ասենք, Т-155 «Ֆըրտընա» ինքնագնաց հաուբիցների դեպքում, երբ Գերմանիան հրաժարվեց MTU շարժիչներ վաճառել Թուրքիային` Ադրբեջան 36 հաուբից արտահանելու համար, քանզի վերջինս հակամարտության մեջ է Հայաստանի հետ: Կամ Ադրբեջանին «Բայրաքթար ՏԲ2» ԱԹՍ վաճառելուց հնարավոր հրաժարվելը, ինչպես պնդում են թուրքական աղբյուրները, քանզի նրանք ունեն Rotax ավստրիական շարժիչներ և Ավստրիան արգելում է դրանք վաճառել Ադրբեջանին, որովհետև վերջինս դրանք կարող է օգտագործել Հայաստանի դեմ: Քանի որ «Աքինջիի» շարժիչներն ուկրաինական են, իսկ Ուկրաինան խնդիր չունի, թե որ երկիր են արտահանում իր շարժիչները կամ ինչ սարքերի վրա, ապա այս ԱԹՍ-ների վաճառք ադրբեջանին ավելի իրատեսական է: SOM թևավոր հրթիռն ունի ֆրանսիական արտադրության MikroturboTRI 40 շարժիչ, և այս ուղղությամբ ՀՀ արտգործնախարարությունը պետք է աշխատի ֆրանսիացիների հետ:

Այժմ, այս թևավոր հրթիռների հիմնական կրողը Թուրքիայում F-16 ինքնաթիռներն են և հրթիռի հնարավոր ինտեգրումը ԱԹՍ-ին հնարավորություն կտա իջեցնել F-16-ի և ամբողջովին հնացած F-4-ի ծանրաբեռնվածությունը: Պետք է հաշվի առնել նաև, որ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման հետ կապված Անկարայի և Վաշինգտոնի միջև առկա է կոնֆլիկտ, և Թուրքիան դուրս է մնացել F-35 5-րդ սերնդի ինքնաթիռների ծրագրից, որոնք նույնպես ցանկանում էին հագեցնել SOM հրթիռներով:

Մեկնաբանել