Պայթյուն Զեյթուն վարչական շրջանում. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրել է, որ պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

«Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Նիկողոսյանը։