Մասնակի փլուզվել է 12 բնակարան. ԱԻՆ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գազի արտահոսքից պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում․ այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ նոր տեղեկությունների՝ մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ  դեպքի վայրում գտնվող քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։

«Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության եւ դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը»,- գրել է Կարապետյանը։

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ 2 քաղաքացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որոնցից 1-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։