Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում. խոսնակ

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է վերջին երկու օրերին շրջանառվող լուրերին՝ կապված նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքից ազատման հետ։

«Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում և մեկը մյուսի հետևից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում:

Նախ սկսենք այնտեղից, որ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում է մնալ կայուն,դեպքերը սկսել են փոքր-ինչ նվազել և իրավիճակը լիովին վերահսկելի է:

Նախարարը վերջին կես տարվա ընթացքում աշխատել է 24/7 ռեժիմով և կարող է օգտվել իր տարեկան հասանելի արձակուրդից: Հավելեմ նաև, որ նա գտնվելու է Հայաստանում:

Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին»,- գրել է Նիկողոսյանը։

Լուրերի տարածմանը, մասնավորապես, նպաստել է փաստը, որ Արսեն Թորոսյանը ապաակտիվացրել է ֆեյսբուքյան իր էջերը, երեկ հայտնի դարձավ նաև, որ նա գնում է արձակուրդ։

Այսօր նա այցելել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից շենքի փլուզման դեպքի վայր։

Մեկնաբանել