Զեյթունում շենքի փլատակների տակից դուրս է բերվել քաղաքացու դի

Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից պայթյունի հետևանքով շենքի փլատակների տակից դուրս է բերվել քաղաքացու դի։

«Ժամը 13։01-ին փրկարարները փլատակների տակից դուրս են բերել, նախնական տվյալներով, Արթուր Ղ․-ի (ծնված 1962թ․) դին»,- ասված է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում են ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող։

Իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դեպքի վայրում են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից։

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ 2 քաղաքացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որոնցից 1-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

Մեկնաբանել