Արթուր Մկրտչյանին հետմահու Արցախի հերոսի կոչում կշնորհվի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի խորհրդակցական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին հետմահու Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչում (Արցախի հերոս) շնորհելու հարցը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Կարծում եմ՝ մեր երիտասարդ պետականության կերտման գործում նրա կատարած աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի և սերունդների համար դաստիարակության լավ օրինակ կարող է ծառայել»,- գրել է Հարությունյանը։

Ազգագրագետ, ծնունդով Հադրութից Մկրտչյանը, չնայած լինելով երիտասարդ, կանխատեսել էր Արցախի՝ Ադրբեջանի կազմում մնալու անդառնալի հետևանքները, ինչն էլ նրան մղել էր ստանձնելու երկրամասի ազատագրումն ու պաշտպանությունը։

Արթուր Մկրտչյանը 1992թ․ հունվարին դարձավ անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահը, սակայն նրա նախագահությունը տևեց ընդամենը չորս ամիս։ Ապրիլին նա սպանվեց։

2018-ին ՍիվիլՆեթի թիմը Ստեփանակերտում հանդիպել է Արթուր Մկրտչյանի կնոջը՝ Գոհար Մկրտչյանին և զրուցել նրա հետ։