Խաշթառակում 6-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն

Խաշթառակ համայնքում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն․այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։

Ըստ Բաթոյանի՝ մարզպետը հավաստիացրել է, որ բազմազավակ ընտանիքը գտնվել է համայնքի և մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում որպես սոցիալապես անապահով ընտանիք և պարբերաբար ֆինանսական աջակցություն է ստացել: Ընտանիքին աջակցություն են տրամադրել նաև մարզում գործող հասարակական կազմակերպությունները:

«Պարոն Չոբանյանի խոսքով ընտանիքում բռնության դեպքերի մասին որևէ տեղեկություն կամ ահազանգ նախկինում չի գրանցվել»,- գրել է նախարարը։

Զարուհի Բաթոյանը նշել է նաև, որ երեխաներին չբաժանելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բոլոր հինգ երեխաների խնամքը կիրականացնի նույն հաստատությունում:

Այս պահին քննարկվում է նաև ընտանիքի հաշմանդամություն ունեցող մյուս անդամներին համապատասխան աջակցություն, այդ թվում շուրջօրյա խնամք տրամադրելու հարցը:

Օգոստոսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում դաժանորեն ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է։

Մեկնաբանել