Բազմաբնակարան շենքում փլուզման դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզման դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով․ այս մասին հայտնում է ՀՀ քնչական կոմիտեն։

Ստեղծվել է քննչական խումբ, որի աշխատանքները ղեկավարում է  Հայկ Գրիգորյանը։

«Քրեական գործի շրջանակներում ներկայումս հարցաքննվում են նշված շենքի բնակիչները, քննչական խմբի կողմից զուգահեռ քննչական գործողություններ են իրականացվում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ 2 քաղաքացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որոնցից 1-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

Ավելի ուշ շենքի փլատակների տակից դուրս է բերվել քաղաքացու դի։