Զե՞նք, թե՞ շինանյութ. Շոյգուն Բաքվում պատմել է, թե ինչ է տեղափոխել Ռուսաստանը Հայաստան

Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ, և նրա գործողություններն ուղղված չեն այդ տարածաշրջանում երրորդ երկրների դեմ. հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը: 

«Գիտենք և տագնապով հետևում էինք այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում Հայաստանի հետ սահմանին։ Եվ գիտենք այն տագնապների մասին, որոնք առկա են մեր ռազմակայանում մեր թռիչքների հետ կապված։ Ուզում եմ միանգամից ասել՝ մեր բոլոր գործողությունները երբեք ուղղված չեն եղել և ուղղված չեն Ադրբեջանի՝ մեր հարևանի և մեր գործընկերոջ դեմ։ Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ», – ասել է Շոյգուն։ 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանում տեղակայված իր ռազմակայանում իրականացնում է սոցիալական օբյեկտների շինարարություն, որոնցով ապահովված չեն զինծառայողները։ «Դրա հետ է կապված որոշակի աննշան ակտիվությունը։ Եվ երկրորդ մասը՝ զորակոչային շրջան է։ Ինչ-որ մեկին պետք էր տուն բերել, մեկին ՝ հակառակը», – ընդգծել է պաշտպանության նախարարը։ 

«Կրկնեմ ևս մեկ անգամ՝ մեր գործողություններն ու քայլերը երբեք ուղղված չեն եղել Ադրբեջանի դեմ և ուղղված չեն եղել այսօր», – վստահեցրել է նա: 

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ռուսաստանը ռազմական մատակարարումներ է իրականացնում Հայաստան հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած բախումներից հետո: Նա պնդել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից անմիջապես հետո Ռուսաստանից՝ Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքն օգտագործելով, Հայաստան տեղափոխված ռազմական նշանակության բեռների ծավալը կազմել է ավելի քան 400 տոննա: