Ապաքրդացման հիմնախնդիրը Թուրքիայում

Նախորդ հոդվածում գրել էի, որ թուրքական կողմին զգալիորեն մտահոգում է քուրդ բնակչության բավական արագ աճը, հեռանկարում Թուրքիայում մեծամասնություն կազմելը, ինչպես նաև այն, որ երկրի արևելքը և հարավ-արևելքը (Հայկական լեռնաշխարհ) գերազանցապես քրդաբնակ է։ Այս ամենը վկայում է, որ հետագայում Թուրքիայում «Քրդական հարցը» կարող է լուծվել ժողովրդագրական ճանապարհով։ Թե՛ 20-րդ դարում, թե՛ 21-րդ դարում Թուրքիայում իշխանությունները փորձում են «ելքեր» գտնել «քրդական փակուղուց», որոնք ունեն երկու ուղղվածություն՝ քրդական բնակչության ընդհանուր կրճատում և քրդաբնակ տարածաշրջանի ապաքրդացում։

Տնտեսական գործոն, ջրամբարաշինություն

Հայտնի է, որ սոցիալ-տնտեսական զարգացվածության առումով Թուրքիայի արևելյան հատվածն էապես զիջում է արևմտյան և կենտրոնական հատվածներին։ Օրինակ, 1990-ականներին քրդաբնակ նահանգներում 1 շնչին բաժին ընկնող եկամուտը կազմում էր միջինը 500$, մինչդեռ Թուրքիայի արևմուտքում այն 4 անգամ ավելի շատ էր՝ 2000$։ Բնականաբար, դա մեծապես կապված էր նրա հետ, որ Թուրքիան նախընտրում էր (է) տնտեսական լուրջ ներդրումներ չանել քրդաբնակ նահանգներում, չստեղծել աշխատատեղեր, որպեսզի տիրի մասշտաբային գործազրկություն, և քրդերը աշխատանք գտնելու (նաև կրթություն ստանալու) նպատակով տեղափոխվեն Թուրքիայի արևմուտք, ինտեգրվեն ու ձուլվեն այնտեղ։ Թուրքիայի այս քաղաքականությունը թեև զգալիորեն հաջողվեց, սակայն տվեց նաև հակառակ արդյունք, քանի որ քրդերն այսուհետ որոշակի ուժ են դարձել նաև Թուրքիայի արևմուտքում։ Օրինակ, 2015թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը Ստամբուլի նահանգում ստացել է 1 տասնյակից ավելի (իսկ ընդհանուր՝ 80) մանդատ։

1980թ․ Թուրքիան պաշտոնապես հայտարարեց «Հարավ-արևելաանատոլիական» նախագծի (GAP) գործարկման մասին, որի շրջանակներում նախատեսվում էր Եփրատի ու Տիգրիսի ավազաններում կառուցել 22 ջրամբար ու 19 հէկ։ Իրականում «Հարավ-արևելքի զարգացմանը» միտված տարատեսակ նախագծերի միջոցով ոչնչացվեցին քրդական բազմաթիվ բնակավայրեր, նրանց բնակիչները բռնի ուղարկվեցին տարբեր շրջաններ (հիմնականում արևմտյան հատված)։ Փոխարենը, «գետերի գոտի» (տարածաշրջանն այդպես է բնորոշում GAP-ի մեծ ջատագով, Թուրքիայի նախկին վարչապետ ու նախագահ Սուլեյման Դեմիրելը) բերվեցին (մեծ խտությամբ) էթնիկ թուրքեր երկրի սևծովյան տարածաշրջանից։

Այս պլանի իրագործման համար օգտագործվում էին (են) նաև GAP-ի շրջանակներում կատարվող «հողային բարեփոխումները»․ հողերը բաշխվում էին անհավասարաչափ՝ հօգուտ խոշոր հողատերերի ու ցեղերի առաջնորդների։ Արդյունքում խոշոր հողատերերը գնում էին մանր հողատերերի հողերը, որոնք էլ իրենց արդեն նախկին հողերում դառնում էին խոշոր հողատերերի վարձու աշխատող։ Դա մեծացնում էր նրանց շրջանում արտագաղթը։ Եվ զուր չէ, որ քուրդ հասարակական գործիչները, պատգամավորները GAP-ը որակում են Թուրքիայի «նվաճողական քաղաքականության» ժամանակակից գործիք, որ GAP-ի նպատակը տարածաշրջանի ապաքրդացումն է։ Խոշոր ջրամբարների կառուցումն այդպիսով նպաստել է ոչ միայն քրդական բնակավայրերի ոչնչացմանը և նրա բնակիչների բռնի տարհանմանը (Եփրատի վրա գտնվող Աթաթուրքի ջրամբարի կառուցման հետևանքով վերացվել է 115 քրդական գյուղ և արտաքսվել է 55․000 մարդ, իսկ Տիգրիսի վրա գտնվող Ըլըսուի ջրամբարի պատճառով՝ մոտ 200 բնակավայր և 60-70․000 մարդ), այլև՝ տարածաշրջանում թուրքական ռազմական ներկայության մեծացմանը։ Մեծ թվով թուրք զինվորականներ՝ իրենց ընտանիքներով բերվել են քրդաբնակ նահանգներ՝ պահպանելու համար ռազմավարական կարևորության այդ օբյեկտները (ջրամբարներ) և նրանց հարակից տարածքները։ Ի դեպ, ընտրությունների ժամանակ դա իր որոշակի կնիքն է թողել քրդաբնակ նահանգներում քվեարկության արդյունքների վրա։

Քուրդ պատգամավոր Ալթան Թանը տարիներ առաջ խորհրդարանում հայտարարեց, որ Թուրքիան միտումնավոր չի ավարտում GAP-ը, որը նախատեսում էր տարածաշրջանում ստեղծել 3․8 միլիոն աշխատատեղ․ «Թուրքիան GAP-ի շրջանակներում հէկերի մեծ մասը (85%) կառուցել է, մինչդեռ կառուցված է ջրանցքների աննշան մասը, և գյուղացիները չեն ստանում ոռոգման ջուր։ Ընդ որում՝ կան ջրամբարներ, որոնք կառուցվել են 10-15 տարի առաջ, սակայն նրանց ոռոգման ջրանցքները դեռ չեն կառուցվել։ Պետությունը 19 միլիարդ $ ծախսել է հէկերի կառուցման վրա և 24 միլիարդ $ ստացել է նրանց էլեկտրաէներգիայից։ Մինչդեռ ջրանցքների կառուցման համար անհրաժեշտ է 12 միլիարդ $, որի կեսը կարող է ներդնել մասնավոր սեկտորը, իսկ պետությունից պահանջվում է 5-6 միլիարդ $։ Պետությունը 5 միլիարդ $ ծախսել է Սևծովյան տարածաշրջանում ավտոճանապարհի վրա, ուր մշտապես սողանքներ են։ Ինչո՞ւ այդքան գումար ծախսվեց այնտեղ։ Որովհետև տեղի բնակչության մեծամասնությունը քուրդ չէ։ Էլ չեմ խոսում, որ ոչ մի միջոց չի խնայվում Ստամբուլի մեգանախագծերի համար։ Պետությունը միտումնավոր է ձգձգում ջրանցքների կառուցումն ու այդ աշխատատեղերի ստեղծումը։ Եթե GAP-ի տարածաշրջանում իսկապես ստեղծվի 3․8 միլիոն աշխատատեղ, ապա դա կառաջացնի այլ շրջաններից քրդերի ներհոսք դեպի տվյալ տարածաշրջան, և եթե վերցնենք, որ յուրաքանչյուր ընտանիքի անդամների միջին թիվը 5 է, ապա կստացվի, որ Սիրիային ու Իրաքին հարակից այս տարածաշրջանում բնակչության թիվը կհասնի 20 միլիոնի, ինչը խիստ անցանկալի է թուրքական իշխանությունների համար»։

Կրթություն

Հայտնի է, որ գրագիտության մակարդակը շարունակ ցածր մակարդակի վրա է եղել քրդաբնակ շրջաններում, քանի որ թուրքական կողմը դա համարել է քրդերին ձուլելու իր ազդեցիկ լծակներից մեկը։ Եվ այնուամենայնիվ, 20-րդ դարում այդպես էլ չհաջողվեց հասնել կրթության միջոցով քրդերի ձուլմանը, քանի որ քուրդ բնակչության բնական բարձր աճը ոչ միայն կանոնավորապես փոխհատուցեց թուրքացման գործընթացի ժողովրդագրական կորուստները, այլև ապահովեց Թուրքիայում քուրդ բնակչության մասնաբաժնի մեծացում։ 1997թ. պաշտոնական տվյալներով՝ «Արևելքում» ու «Հարավ-արևելքում» անգրագիտության մակարդակը կազմում էր 60-65%։ Քրդաբնակ նահանգներում կրթության ցածր պահանջարկի պատճառը բնակչության աղքատությունն էր․ անապահով ընտանիքներն առաջին հերթին մտահոգված էին իրենց կարիքները հոգալու խնդրով։ Հատկապես գյուղական շրջաններում ծնողները նախապատվությունը տալիս էին նրան, որ իրենց երեխաները աշխատեն, ընտանիքին եկամուտ բերեն, կամ էլ պարզապես աշխատեն տանը և իրենց օգնեն տնային գործերում։ Սակայն այս իրավիճակն ուներ նաև հակառակ էֆեկտը։

Պաշտոնական տվյալներով՝ 2000թ․ «Արևելքում» ու «Հարավ-Արևելքում» թուրքերեն չէր խոսում կանանց կեսից ավելին և 45-ից բարձր տղամարդկանց զգալի մասը, ինչը հակաձուլման հզոր գործոն է։ Այդ պատճառով էլ Թուրքիայում ներկայումս ձեռնարկվում են ակտիվ փորձեր՝ կրթական համակարգում ներգրավելու համար հատկապես քուրդ աղջիկներին։ Չէ՞ որ քրդերի էթնիկ ինքնությունը զգալիորեն պահպանվել է ասիմիլյացիոն գործընթացներում չընդգրկված քուրդ կանանց կողմից ազգային ավանդույթների հանդեպ ուժգին հավատարմության շնորհիվ։ Ընտանեկան կյանքի հայրիշխանական խիստ կարգի առկայությունը քուրդ կանանց զերծ էր պահում այդ գործընթացներում ներգրավելուց, իսկ այնպիսի պայմաններում, երբ քուրդ տղամարդկանց զգալի մասը գումար վաստակելու նպատակով մեկնում էր այլ շրջաններ, կնոջ դերը քրդական ընտանիքում դառնում էր բացառիկ։ Թուրքական ներկայիս իշխանություններն այդպիսով ձգտում են ոչ միայն քուրդ կանանց ներգրավել կրթական ոլորտում, այլև՝ խարխլել քրդերի ընտանեկան ավանդական հիմքերը՝ դրանով իսկ նվազեցնելով քրդերի ժողովրդագրական պոտենցիալը։

Արդյունքում թուրքական իշխանությունները ներկայումս լուրջ քայլեր են ձեռնարկում քրդերի շրջանում թուրքերենը տարածելու ուղղությամբ։ Դրան զուգահեռ քրդերին արգելվում է մայրենի լեզվով կրթություն ստանալն ու մայրենի լեզվով դատարաններում իրենց պաշտպանելը։ Դրանով թուրքական կողմը ցանկանում է ձերբազատվել հակաձուլման այդ կարևոր գործոնից։

ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում

2013թ․ դեկտեմբերին ԵՄ-ն ու նրա անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ունեցող Թուրքիան բանակցություններ սկսեցին վիզային ռեժիմի ազատականացման մասին։ ԵՄ-ը Թուրքիային ներկայացրեց վիզային ռեժիմի վերացման համար պահանջվող 72 չափանիշ։ Ներկայումս Թուրքիան կատարել է դրանց մեծ մասը, մնացել է միայն 6 չափանիշ։ Սակայն շարունակում է խնդրահարույց մնալ Թուրքիայի հակաահաբեկչական օրենքը, ԵՄ-ը պահանջում է վերանայել այն, սակայն Թուրքիան տեղի չի տալիս։ Վերջին տարիներին Թուրքիայի հակաահաբեկչական օրենսդրությունն արևմտյան թե՛ քաղաքական, թե՛ իրավապաշտպան կառույցների քննադատության թիրախում է, որոնք պնդում են, թե թուրքական իշխանություններն այդ օրենքը օգտագործում են փոքրամասնություններին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին և լրագրողներին հետապնդելու նպատակով։

Ակնհայտ է, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումը Թուրքիայի ներկայիս իշխանություններին մեծապես անհրաժեշտ է նաև քրդաբնակ տարածաշրջանը դատարկելու տեսանկյունից։ Նրանք հաշվարկել են, որ վիզային ռեժիմի վերացման դեպքում բազմաթիվ քրդեր աշխատանք գտնելու նպատակով կմեկնեն ԵՄ։ Այնպես որ վիզային ռեժիմի ազատականացման հարցը նույնպես Թուրքիայի զինանոցում է։

Տոհմածառի կայք

Վերջին տարիներին Թուրքիան քանիցս աչքի է ընկել արտերկրում ապրող մուսուլման ազգերի ներկայացուցիչների մի հատվածին (ույղուրներ, թուրք-մեսխեթցիներ, սիրիացիներ, իրաքցիներ և այլք) ներկայիս քրդաբնակ նահանգներում ժամանակավոր (որոշ դեպքերում նաև մշտական) վերաբնակեցնելով։ Եվ թեև նրանց մի մասը ստացավ Թուրքիայի քաղաքացիություն, սակայն էականորեն չփոխեց քրդաբնակ նահանգների պատկերը։

2018թ․ փետրվարին Թուրքիայի ՆԳՆ «էլեկտրոնային պետություն» նախագծի շրջանակներում գործարկված կայքում քաղաքացիներին հնարավորություն տրվեց տեղեկություններ ստանալ նախնիների մասին և կազմել իրենց տոհմածառը մինչև 1800-ականները: Իրենց տոհմածառը կազմելու համար Թուրքիայի քաղաքացիները կայքի տվյալ բաժնում մուտքագրում են իրենք անձնական տվյալները, որից հետո համակարգը ներկայացնում է նրանց նախնիների տվյալները: Թուրքիայի ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ 1 տարում (2019թ․ փետրվար) իրենց նախնիների մասին տեղեկություններ է փորձել ստանալ երկրի 34․431.076 քաղաքացի:

Իհարկե կարելի է ասել, որ այս կայքը գործարկելիս թուրքական իշխանությունները փորձում են առաջին հերթին պարզել ժամանակին թուրքացած օտարազգիներին և այդպիսով «զտել, մաքրագործել» թուրք ազգը (Էրդողանը շատ է կարևորում «մեկ ազգ»-«Թուրքիան թուրքերի համար» երևույթը)։ Մյուս կողմից էլ, ակնհայտ է, որ տոհմածառի կայքի օգնությամբ բազմաթիվ քրդացած հայեր տեղեկանում են իրենց հայկական արմատների մասին և կարող են ցանկություն հայտնել վերադառնալու դրանց։ Ավելին, հետագայում (Էրդողանից հետո) թուրքական կողմն ինքը կարող է խրախուսել այդ գործընթացը՝ ՀՀ-ից հրավիրելով ուսուցիչների, հոգևորականների և այլն։ Չենք բացառում նաև, որ Հայոց ցեղասպանության ժառանգներին էլ կարող են տրամադրել Թուրքիայի քաղաքացիություն և փորձեն վերաբնակեցնել ներկայիս քրդաբնակ նահանգներում։ Դեպքերի զարգացման նման պարագայում Թուրքիայում էապես կստվարանա հայ համայնքը, կմեծանա հայկական գործոնը (քաղաքական մեկնաբան Նաիրի Հոխիկյանի տեղեկություններով՝ Թուրքիայի արևելքում ներկայումս ապրում է 4 միլիոն իսլամացած, ծպտյալ հայ)։ Այստեղ մեծ անելիքներ ունի նաև Պոլսո Հայոց պատրիարքը (անկախ նրանից, թե տվյալ պահին ով է զբաղեցնում այն), քանզի նա կարող է կամրջի դեր խաղալ Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունների միջև։ Թերևս աներկբա է դառնում, որ քուրդ բնակչության բավական արագ աճի տեմպերի պահպանման պարագայում Թուրքիան, այնուամենայնիվ, վաղ թե ուշ հարկադրված կլինի թակելու «հայերի դուռը»։

Մեկնաբանել