Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Կասպրշիկի հետ՝ հայ սպայի հարցով

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ՝ հայ սպայի հարցով․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Զրույցի ընթացքում Տոնոյանը դեսպան Կասպրշիկի ուշադրությունը հրավիրեց ինչպես այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսահոլովակին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են»,- նշել է Ստեփանյանը։

Խոսնակի խոսքով՝ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք անկախ նրանից, թե ինչ պայմաններում և ինչ տեղանքում է անձը հայտնվել հակառակ կողմի իրավազորության ներքո:

«Զինծառայող Գուրգեն Ալավերդյանն ակնհայտորեն կարդում է իրեն պարտադրված թերի հայերեն մշակված տեքստը»,- ընդգծել է Ստեփանյանը։

Օգոստոսի 22-ին հայ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել և հայտնվել է ադրբեջանական կողմում։ Նրան Ադրբեջանում ցմահ ազատազրկում է սպառնում, նրան մեղադրանքներ են առաջադրվել։

***

Ըստ ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևյան կոնվենցիայի՝ արգելվում է անձի արժանապատվության դեմ ուղղված ոտնձգությունը, մասնավորապես, վիրավորական և նվաստացուցիչ վերաբերմունքը։ Ոչ մի ռազմագերի չի կարող օգտագործվել այնպիսի աշխատանքներում, որոնք գերության մեջ պահող տերության զինծառայողի համար համարվում են նվաստացուցիչ։ Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք:

Մեկնաբանել