Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի

Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, իսկ դրա ավարտից հետո կսկսեն գործել այլ սահմանափակումներ և միջոցառումներ. այս մասին օգոստոսի 27-ի կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով՝ վարակիչ հիվանդությունների ՀՀ ներթափանցման, ներբերման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին։

Բադասյանը փոխանցեց նաև, որ արտակարգ իրավիճակի պայմաններում կարանտին հայտարարված մարզերում կարող են լինել մուտքի ու ելքի սահմանափակումներ, ինքնամեկուսացման, մեկուսացման ռեժիմների սահմանումներ։

Կառավարության կողմից կարանտին հայտարարելու դեպքում հնարավոր է գործեն նաև հետևյալ սահմանափակումները․

«Հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ,իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում, ապրանքների փոխադրման սահմանափակումներ, կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ, սահմանափակումներ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ հաստատություններում»։

Տեղորոշման համակարգն այլևս չի գործելու, չի արգելվելու նաև տնտեսական գործունեությունը խախտումների դեպքում,-հավելեց նախարարը։

Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված մարտի 16-ից, որի ժամկետը 5 անգամ երկարաձգվել է։

Արտակարգ դրությունը կավարտվի սեպտեմբերի 11-ին ժամը 17։00-ին։

Մեկնաբանել