«Քաղաքական շահարկումներ»․ Արսեն Թորոսյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին

Վարչապետի հետ չեմ հիշում՝ երբ եմ վերջին անգամ հանդիպել․ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում օգոստոսի 27-ին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին իր՝ աշխատանքից ազատման մասին լուրերը։

Նա մի քանի անգամ կրկնել է, որ չի հիշում՝ երբ է վարչապետի հետ եղել վերջին «տետ-ա-տետ, անկեղծ հանդիպումը» և շեշտել, որ իր հրաժարականի մասին տեղեկություններ են շրջանառվում արդեն երկու տարի․ դրանք «գլոբալ շահարկումների արդյունք են»։

Առողջապահության նախարարության աշխատանքի գնահատման մասին հարցին Թորոսյանը պատասխանել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում աշխատանքի գնահատումը «միամոմենտ չէ, այլ միշտ է տեղի ունենում», բացի այդ, կորոնավիրուսի դեմ պայքարը «միայն առողջապահության նախարարության գործը չէ, այլ բոլոր գերատեսչությունների»։

Մեկնաբանելով այս շրջանում իր կողմից արձակուրդ վերցնելու նպատակահարմարության մասին խոսակցությունները՝ Թորոսյանը նկատել է, որ իր արձակուրդի նպատակահարմարությունը որևէ մեկը չի կարող շահարկել։

«Ես լինելու եմ Հայաստանում, հասանելի, հավանաբար նաև գործի եմ գնալու որոշ օրերի, մասնակցելու եմ հանդիպումների»,- ասել է Արսեն Թորոսյանը։

Ինչ վերաբերում է առողջապահության նախարարության հաշվետվություններին՝ դրանք «ոչ ոք չի պահանջել, նախարարությունը չի սպասում, որ պահանջեն, այլ հրապարակում է»։

Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում. խոսնակ

Առողջապահության նախարարությունը մոտ 9,4 մլրդ դրամ է ծախսել Covid-19-ի դեմ պայքարում

Մեկնաբանել