Երկու լիբանանահայ բժիշկների ընտանիքներ բնակության են տեղափոխվել Արցախ

Երկու լիբանանահայ բժիշկների ընտանիքներ բնակության են տեղափոխվել Արցախ՝ Շուշի քաղաք․ հաղորդում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

«Բեյրութի աղետալի պայթյունից հետ Արցախը ոչ միայն հումանիտար օգնություն ուղարկեց Լիբանան, այլև շարունակաբար իրականացնում է հանգանակություն լիբանանահայության կարիքների համար: Համայնքին հատկացվել է 25 մլն ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստակամ են 100-150 հայրենադարձ ընտանիքներ ընդունել»,- ասված է հաղորդագրությունում։

Օգոստոսի 26-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հեռավար զրույց է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Անդրադարձ է կատարվել Լիբանանում ստեղծված իրավիճակին և ընդգծվել, որ տեղի հայ համայնքի խնդիրների լուծման գործում շատ կարևոր է գործադրվող համահայկական ջանքերի համատեղումը: 

Օգոստոսի 25-ին Արցախում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցության ծրագրերին։