Կառավարությունում քննարկվել են համընդհանուր հայտարարագրման մեխանիզմները

Օգոստոսի 27-ին կառավարությունում կայացած խորհրդակցությանը քննարկվել են ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցեր: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական կառույցների ղեկավարներ, ԱԺ պատկան հանձնաժողովների պատգամավորներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ:

«Քննարկումը ծավալվել է համատարած հայտարարագրման գործընթացի կազմակերպման մեխանիզմների շուրջ: Անդրադարձ է եղել հարկման արդյունավետ մոդելին, հարկման ենթակա եկամուտների տեսակներին, հայտարարատուների շրջանակին, վարչարարության գործիքներին և այլ հարցերի: Մտքերի փոխանակության ընթացքում ներկայացվել են առաջարկներ և դիտողություններ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայտարարագրման մշակույթի ներդրումը՝ ընդգծելով, որ այս բարեփոխման նպատակը պետականամետ մտածելակերպի և քաղաքացիական կեցվածքի ձևավորումն է: Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով շարունակել հայտարարագրման իմպլեմենտացիոն համապարփակ մեխանիզմների մշակման շուրջ աշխատանքը և ներկայացնել առաջարկներ»,- ասված է վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Մեկնաբանել