Վարդան Մելիքյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից

Վարդան Մելիքյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից։

«Հուսով եմ, անցած 13 ամիսների ընթացքում շատ չեմ հիասթափեցրել աշխատանքովս, իսկ որոշ դեպքերում էլ գուցե նպաստել եմ դրական փոփոխությունների իրականացմանը։ Շրջակա միջավայրի կառավարման ոլորտում անելիքներն անծայրածիր են, խնդիրներն ունեն տասնամյակների պատմություն, իսկ արագ լուծումներ հաճախ ուղղակի չկան։

Կայուն դրական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք և պետք է պարտադիր նշել, որ շրջակա միջավայրի նախարարության և դրա ենթակա կառույցների բազմաթիվ մասնագետներ ջանք չեն խնայում արդյունքներ ապահովելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մելիքյանը։

Նրա խոսքով՝ համապատասխան արժանապատիվ աշխատանքային պայմանների ստեղծման արդյունքում նոր մասնագետների ներհոսքը՝ արդեն աշխատող նվիրյալների ջանքերի հետ միասին թույլ կտա հասնել որակական փոփոխությունների։ Շատ անելիքներ կան նաև գիտական և կրթական հաստատությունների հետ համագործակցության խորացման առումով։ Նույնը վերաբերվում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաներին։

«Կարևոր է նաև հրատապ խնդիրների լուծմանը՝ «հրդեհների» մարմանը զուգահեռ ուժեր ներդնել միջնաժամկետ և երկարաժամկետ պլանների և ծրագրերի հնարավորին մասնակցային մշակման համար»,- նշել է նա։