COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը առաջիններից կստանա Բելառուսը, դիմողների թվում է Ադրբեջանը

Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը ձեռք բերելու համար դիմել է 27 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը․ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ խորհրդակցության ժամանակ։

Նա պարզաբանել է, որ պետությունները կարող են ստանալ պատվաստանյութը համագործակցության տարբեր ձևաչափերով՝ պատվաստանյութի համատեղ մշակման, կլինիկական հետազոտությունների, գնման կամ մարդասիրական օգնության արդյունքում։

Պուտինը խոստացել է, որ Բելառուսը մասնակցելու է փորձարկումներին և առաջիններից կստանա ռուսաստանյան պատվաստանյութը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը փորձարկումների նպատակով պատվաստանյութի մինչև 2 000 դեղաքանակ կուղարկի Մեքսիկա, որը հայտնել է, որ դեղը կստանա սեպտեմբերին։

Ռուսաստանյան պատվաստանյութը մշակել է Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտը, այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը, կազմված է 0,5 մլ-անոց երկու սրվակներից՝ առաջին և երկրորդ բաղադրիչներով։ Դեղը ներարկվում է միջմկանային տարբերակով։

Կարդացե՛ք նաև՝

ԱՀԿ-ն հույս ունի՝ մինչև 2021-ի վերջը կարտադրվի COVID-19-ի դեմ պատվաստանյութի 2 մլրդ դեղաքանակ

Մեկնաբանել