Համաշխարհային բանկը դադարեցրել է Doing Business վարկանիշի հրապարակումը

Համաշխարհային բանկը դադարեցրել է բիզնես վարելու պայմանների վերաբերյալ Doing Business երկրների վարկանիշի հրապարակումը: Նման որոշում է կայացրել Համաշխարհային բանկը (ՀԲ): Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է կազմակերպության կայքում։

Բանկը որոշել է տվյալների հավաքագրման և մշակման աուդիտ անցկացնել։ Նշվում է, որ դրա համար առիթ են հանդիսացել նախկինում հրապարակված հաշվետվություններում տվյալների փոփոխության հետ կապված խախտումները։ Կոնկրետ սխալների մասին ՀԲ-ն չի հայտնել։ Կվերանայվեն վերջին հինգ տարիների հաշվետվությունների տվյալները, ստուգումը կիրականացնի Համաշխարհային բանկի ներքին աուդիտի խումբը:

«Մենք գործելու ենք ստացված արդյունքների հիման վրա եւ հետադարձ կերպով ճշգրտելու ենք այն երկրների տվյալները, որոնք ամենից շատ տուժել են խախտումներից», – վստահեցրել են ՀԲ-ում:

2019-ի հոկտեմբերին Doing Business-ի հերթական վարկանիշում Հայաստանը նահանջել է 6 հորիզոնականով և 190 երկրների շարքում զբաղեցրել 47-րդ տեղը: Խնդիրը Հայաստանում փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության վիճակն է:

Այնուամենայնիվ այդ ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ ՀԲ-ի զեկույցում փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության ցուցանիշով տեխնիկական սխալ է հայտնաբերվել, որի շտկման դեպքում Հայաստանը կզբաղեցնի 37-րդ տեղը:

Doing Business զեկույցի համաձայն՝ բիզնեսի վարման դյուրինության տեսանկյունից համաշխարհային առաջատարը Նոր Զելանդիան է։

Մեկնաբանել