Երկու օր Բուխարեստում՝ «Շիրակ»-ի և հայկական ֆուտբոլի հետ

Օգոստոսի 26-28-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում էի: Հրավերն ստացել էի Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության կողմից: Գյումրեցիները Եվրոպալիգայի շրջանակներում հանդիպում ունեին ռումինական «Ստյաուա», ավելի ճիշտ՝ FCSB թիմի հետ:

Լրագրողական գործունեության ընթացքում մի քանի հարյուր անգամ 50-ից ավելի երկրներ եմ այցելել: Ռումինիայում երբեք չէի եղել և, անկեղծորեն, չգիտեմ ինչու, երբեք էլ չէի ձգտել լինել Արևելյան Եվրոպայի այս երկրում:

Շատ բան չեմ կարդացել 20 միլիոնանոց այս երկրի մասին: Անշուշտ, գիտեի, որ Եվրոպայում հայկական ամենահին համայնքներից մեկը Ռումինիայում է, հայերն այստեղ հաստատվել են Անիի անկումից հետո, Վազգեն Ա Ամենայն հայոց հայրապետը՝ նախքան Էջմիածին փոխադրվելը, եղել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդը, որ այստեղ 1930-ական թթ․ ապրել ու աշխատել է զորավար Դրոն և շփումներ հաստատել գերմանացիների հետ: Դե, իհարկե, երբ լսել եմ Ռումինիա անունը, միշտ առաջինը ենթագիտակցորեն հիշել եմ Չաուշեսկուին ու այն ցնցող տեսարանը, երբ 1989-ի դեկտեմբերի 25-ին գնդակների տակ ընկնում են Ռումինիայի տասնամյակների դիկտատորն ու նրա կինը:

Ռումինական «Տարոմ» ավիաընկերության օդանավը Գյումրիի օդանավակայանում վայրէջք կատարեց ուղիղ առավոտյան ժամը 10-ին: Պարզվում է, որ Գյումրիի օդանավակայանը աշխատանքը սկսում է հենց ժամը 10-ին, քանի որ ժամանակին այնպիսի պայմանագրեր են ստորագրվել, որը թույլ չի տալիս, որպեսզի քաղաքացիական օդանավերը Գյումրիում վայրէջք կատարեն, ասենք՝ 9.50-ին: Այս պայմանագրերի մենաշնորհային և անմարդկային լինելը մենք զգացինք վերադարձի օրը, երբ ստիպված եղանք Բուխարեստում և ապա օդանավակայանում մոտ 7 ժամ սպասել և թռիչքի դուրս գալ այնպիսի ժամի, որ օդանավը առավոտյան 10-ից շուտ վայրէջք չկատարի: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ թիմը եվրոպական դժվար խաղ է անցկացնում, հոգնած-ջարդված ևս 7 ժամ տառապում է օդանավակայանում, քանի որ Հայաստանի իշխանությունները ինչ-որ ժամանակ, ինչ-որ մեկին մենաշնորհ են տվել:

Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, այսօր, այս պահին Հայաստանը չունի անգամ մեկ օդանավ, որը թույլտվություն ունենա թռչելու Եվրոպա: Ահա այդ պատճառով է, որ «Շիրակ»-ի ղեկավարությունը ստիպված էր եղել պատվիրել ռումինական օդանավ, որը դատարկ վայրէջք կատարեց Գյումրիում, թիմին հասցրեց Բուխարեստ, ապա երկու օր անց հետ բերեց Գյումրի և կրկին վերադարձավ դատարկ:

Առաջին անգամ էի ֆուտբոլային ակումբի հետ ճամփորդում: Նաև՝ առաջին անգամ էի երկինք բարձրանում Գյումրիից: Շատ եմ սիրում փոքր, պարզ օդանավակայանները: Գյումրիի օդանավակայանը իմ պատկերացրածից փոքր է և պարզ, բայց՝ հարմար: Ֆուտբոլիստներից ու թիմի մարզչական շտաբից բացի Բուխարեստ էին մեկնում հայկական մի քանի ֆուտբոլային ակումբերի ներկայացուցիչներ, մասնավորապես Վանաձորի «Լոռի ՖԱ»-ի հիմնադիր Թովմաս Գրիգորյանն ու «Էրեբունի-Դիլիջան»-ի նախագահ Տիգրան Հակոբյանը: Ես չգիտեմ՝ եվրոպական խաղերին մասնակցելու մեկնող թիմերը նախկինում հրավիրե՞լ են այլ ակումբների ներկայացուցիչների: Սա, կարծում եմ, կարող է դառնալ լավ նախադեպ և ակումբների միջև ավելի կառուցողական ու բարեկամական մթնոլորտ ձևավորելու լավ սկիզբ:

Շատ հաճելի ու թեթև թռիչք էր: Գյումրիից օդ բարձրանալով՝ օդանավը կարճ ժամանակ անց Կարսի ու Սև ծովի երկնքում էր, իսկ երկու ժամ անց վայրէջք կատարեց Բուխարեստում: Կորոնավիրուսով պայմանավորված, այս տարի Եվրոլիգայի խաղերի համար ՈՒԵՖԱ-ն խաղերին մեկնող թիմերին տրամադրել էր 40 հազարական եվրո՝ օդանավի գումար:

Մեր հյուրանոցը հին քաղաքում էր՝ նշանավոր Մանուկ Միրզայանի հյուրատան ճիշտ կողքին: Նա 19-րդ դարի սկզբի խոշոր հայ վաճառական էր և դիվանագետ: Նրա հայրը Աշտարակի Կարբի գյուղից էր, որ հաստատվել էր Բուլղարիայում: Զբաղվում էր բամբակի և մետաքսի առևտրով, ընդարձակ կալվածքներ ուներ այն հողերի վրա, որոնք այսօր Ռումինիայի մաս են: 1812-ի մայիսի 28-ին Բուխարեստում, Միրզայանի հյուրատանը տեղի ունեցան ռուս-թուրքական հաշտության բանակցություններ, որին մասնակցում էր ռուս զորահրամանատար Միխայիլ Կուտուզովը:

Բուխարեստում ապրել և աշխատել է հայ զորավար Դրոն՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Այս շրջանում է եղել Դրոյի համագործակցությունը նացիստների հետ:

1915-ին Բուխարեստում կառուցված Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու բակում 1936-ին կանգնեցվել է զորավար Անդրանիկի արձանը: Այն զորավարին նվիրված աշխարհում առաջին հուշարձաններից մեկն է: Այս եկեղեցու չափերը պատկերացում են տալիս, թե ժամանակին ինչքան բարգավաճ և հարուստ է եղել ռումինահայ համայնքը:

Բուխարեստը տեսնելու և զգալու շատ ժամանակ չունեինք՝ ընդամենը երկու օր: Առաջին օրը, հյուրանոցում տեղավորվելուց, ճաշելուց և հանգստանալուց հետո թիմի հետ մեկնեցինք մայրաքաղաքի ազգային մարզադաշտ, որտեղ կայացավ «Շիրակ»-ի մեկուկես ժամանանոց մարզումը: Թիմի նոր գլխավոր մարզիչը Տիգրան Դավթյանն է: Նա նշանակվել է շաբաթներ առաջ: Մինչև ռումինական ամենատիտղոսակիր թիմի հետ հանդիպումը՝ Դավթյանը «Շիրակ»-ի գլխավոր մարզչի դերում միայն մեկ խաղ էր անցկացրել: Ռումինական թիմի հետ հանդիպումը լուրջ մարտահրավեր էր Դավթյանի համար:

Ռումինիայի մայրաքաղաքը տեսնելու համար լավագույն հնարավորությունը օդանավակայանից դեպի հյուրանոց, ապա հյուրանոցից մարզադաշտ ճանապարհն էր, քանի որ այլ ազատ ժամանակ գրեթե չէր մնում: Երկրորդ օրը, կեսօրից հետո մեզ միացավ Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը: Նրա հետ կարճ շրջայց կատարեցինք քաղաքի կենտրոնում:

Բուխարեստը կանաչ ու լայն, ընդարձակ պողոտաներով մայրաքաղաք է: Սա էր իմ առաջին տպավորությունը: Պահպանվել են մի քանի ժամանակաշրջանների ճարտարապետություններ: Ամենանշանավոր կառույցը Խորհրդարանի պալատն է, ռումիներեն՝ Palatul Parlamentului, որի կառուցումը սկսվել է Չաուշեսկուի ժամանակ, սակայն ավարտվել է նրա գնդակահարությունից հետո միայն: Սա համարվում է նաև քաղաքացիական վարչական ամենամեծ կառույցը Եվրոպայում:

Ռումինիայի պատմության, արտաքին և տարածաշրջանային քաղաքականության, հայ-ռումինական հարաբերությունների մասին մեզ պատմեց դեսպան Մինասյանը: Նա երեկոյան մեզ միացավ և մարզադաշտում դիտեց «Շիրակ»-ի խաղը:

Այս տարվա եվրոպական գավաթների խաղարկությանը մասնակցում էին 4 թիմեր: Նախքան «Շիրակ»-ի հանդիպումը՝ մյուս երեք հայկական ակումբները՝ «Արարատ-Արմենիա»-ն, «Նոա»-ն և «Ալաշկերտը» պարտվել էին և դուրս մնացել մրցաշարից: «Շիրակ»-ին բաժին էր հասել ամենաուժեղ մրցակիցը: Ռումինական թիմի կազմում կար մեկ ֆուտբոլիստ, որի տրանսֆերային արժեքը ավելին է, քանի ամբողջ «Շիրակ» թիմինը: Ճիշտ է, կորոնավիրուսի պատճառով հանդիպումներն անց են կացվում առանց հանդիսատեսի, սակայն ռումինական ակումբին օգնում էին նաև տան պատերը:

Ընդհանուր առմամբ, խաղն ընթանում էր հավասար պայքարում՝ տանտերերի տարածքային փոքր առավելությամբ: Հանդիպման ընթացքում կողմերն ունեցան դարպասը գրավելու 4-ական հնարավորություն: FCSB-ն իրացրեց դրանցից 3-ը, «Շիրակ»-ին չհաջողվեց ոչ մեկը: Երկու դեպքում հատկապես տանտերերին փրկեց դարպասապահը:

Հետխաղյա մամուլի ասուլիսում ավագ մարզիչ Տիգրան Դավթյանը ասաց, որ հանդիպման հաշիվը չի արտահայտում խաղի ընդհանուր պատկերը:

Մեր ներքին խոսակցության ժամանակ «Լոռի ՖԱ»-ի նախագահ Թովմաս Գրիգորյանը նկատեց, որ ռումինական և ընդհանրապես եվրոպական ուժեղ թիմերին «Շիրակ»-ը կամ հայկական այլ ակումբ կարող է հաղթել միայն մեկ դեպքում՝ եթե դու կարողանում ես իրացնել քո բոլոր գոլային պահերը, իսկ մրցակիցը չի կարողանում իրացնել իր գոլային հնարավորություններից և ոչ մեկը:

«Շիրակ»-ի երկար տարիների նախագահ Արման Սահակյանը խաղից հետո ավտոբուսում ֆուտբոլիստներին ասաց.

– Ապրե՛ք, տղերք ջան: Արեցիք, ինչ կարող էիք:

Ավտոբուսի առաջնամասում նստած «չֆուտբոլիստներս» ծափահարեցինք:

Ֆուտբոլիստները տխուր էին ու լուռ: Բայց սա է ֆուտբոլը: Խաղում մեկը հաղթում է, մյուսը՝ պարտվում: Սովորաբար, հաղթում է ավելի ուժեղը: «Շիրակ»-ը ներդրել էր իր ուժերի ու հնարավորությունների առավելագույնը:

Մարզադաշտից վերադարձանք հյուրանոց և թեթև ընթրիք ունեցանք: Մի քանի ժամ հանգստացանք հյուրանոցում, ապա լուսադեմին ուղևորվեցինք օդանավակայան: Մեր օդանավը Գյումրիում վայրէջք կատարեց առավոտյան ուղիղ ժամը 10-ին, քանի որ հենց այդ ժամին է բացվում Գյումրիի օդանավակայանը:

Սա է մենաշնորհի գինը:

Թաթուլ Հակոբյան

Գյումրի-Բուխարեստ-Գյումրի

Մեկնաբանել