Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից պարզաբանումներ է ակնկալում Հայաստանին սպառազինությունների մատակարարման առնչությամբ։
Նրա խոսքով՝ այդ մատակարարումները «ադրբեջանական հանրության և պետության լուրջ մտահոգության պատճառ են դարձել»։
«Այդ հարցը նախագահ Իլհամ Ալիևը բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ։ Ռուսաստանից բեռները գնում են տարբեր ուղղություններով, և դա մտահոգում է մեր հանրությանը։ Մենք չենք ստացել մեր հարցերի լիարժեք պատասխանը և պարզաբանումներ ենք ակնկալում առ այն, թե ինչու է Հայաստանը շարունակում սպառազինվել»,- ասել է Հաջիևը։
Վերջինս շեշտել է՝ «Թովուզի դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանը շարունակում է բռնազավթման քաղաքականությունը»։
«Մեզ չի գոհացրել պատասխանը, թե ինքնաթիռներով Ռուսաստանը Հայաստան է տեղափոխել շինանյութ»,- ասել է Հաջիևը։
Անցյալ շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բաքվում հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանում տեղակայված իր ռազմակայանում իրականացնում է սոցիալական օբյեկտների շինարարություն, որոնցով ապահովված չեն զինծառայողները։
«Դրա հետ է կապված որոշակի աննշան ակտիվությունը։ Եվ երկրորդ մասը՝ զորակոչային շրջան է։ Ինչ-որ մեկին պետք էր տուն բերել, մեկին՝ հակառակը», – Բաքվում հայտարարել է Շոյգուն։
Զե՞նք, թե՞ շինանյութ. Շոյգուն Բաքվում պատմել է, թե ինչ է տեղափոխել Ռուսաստանը Հայաստան