Հալեպից Արցախ․ մի ընտանիքի պատմություն

Էսմերյան եղբայրները 2012-ին Սիրիայից տեղափոխվել են Արցախ։ Այստեղ նրանք սկսել են զբաղվել այգեգործությամբ՝ աճեցնելով Սիրիայից բերած բազմաթիվ բուսատեսակներ։ Դեղձի երկու տեսակ խառնելով՝ եղբայրներն այն կոչել են «սիրադեղձ»՝ դրա մեջ դնելով նաև «սեր» և «Սիրիա» բառերը՝ որպես խորհրդանիշ։

Ժամանակի ընթացքում Էսմերյաններն սկսել են զբաղվել նաև մեղվաբուծությամբ, սկզբում՝ մեղրն արտադրելով սեփական սպառման, ապա՝ բարեկամների և այլ սպառողների համար։ Ստեփանակերտի կենտրոնական Թումանյան փողոցում էլ բացել են մերձավորաևելյան ուտեստների «Սամրա» սրճարանը, որը տնօրինում է տիկինը՝ Իզաբել Դանգուրյանը։ Իզաբելը նշում է, որ սկզբում տեղացիները սովոր չէին նոր ուտեստներին, սակայն խոհանոցն արդեն շատ սիրվել է և մշտական հաճախորդներ ունի։