Ապրուստ վաստակել, ոչ թե մի բան փոխել. ինչո՞ւ են հայերը զբաղվում բիզնեսով

Հայաստանի բնակչության 28%-ը զբաղվում է որևէ բիզնեսով (ինչպես սկսնակ, այնպես էլ կայացած), և այս ցուցանիշով Հայաստանը 6-րդն է 50-ից: Սակայն ըստ ձեռնարկատիրության արտադրողականության՝ Հայաստանը վերջին դիրքերում է: Հայաստանը նաև այն քիչ պետություններից է, որտեղ մարդկանց բիզնես հիմնելու ամենատարածված շարժառիթը «ապրուստ վաստակելն է, որովհետև աշխատանք չկա»․ այս մասին է վկայում գլոբալ ձեռներեցության հետազոտության շրջանակում պատրաստված Հայաստանի ազգային զեկույցում, որը կազմել է «Ամերիա» ՓԲԸ-ն:

Զեկույցում նշվում է, որ 2019թ. Հայաստանում արձանագրվել է ձեռնարկատիրության բարձր մակարդակ, որը կարելի է բացատրել դրա վերաբերյալ բարենպաստ սոցիալական և մշակութային պատկերացումների առկայությամբ, ինչպես նաև նրանով, որ Հայաստանում, հատկապես մայրաքաղաքից դուրս, եկամուտ վաստակելու այլ հնարավորությունները սակավաթիվ են: «2019թ. սկսնակ ձեռնարկատիրության բարձր մակարդակի մեկ այլ պատճառ կարող են լինել 2018թ. քաղաքական փոփոխությունները, որոնք նպաստեցին բնակչության շրջանում ապագայի նկատմամբ լավատեսության աճին», – ասված է զեկույցում:

Չնայած ձեռներեցության ակտիվությանը՝ Հայաստանում ձեռնարկատիրության ճյուղային կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ըստ ձեռնարկատիրության արտադրողականության՝ Հայաստանը վերջին դիրքերում է: Ի տարբերություն 2019թ. հարցմանը մասնակցած երկրների մեծամասնության՝ Հայաստանում ձեռնարկատիրությունը կենտրոնացած է 2 հիմնական ճյուղում՝ գյուղատնտեսությունում և առևտրում: Ընդ որում ամենացածր արտադրողականությունն ունեցող ճյուղի՝ գյուղատնտեսության մասնաբաժնով Հայաստանն առաջին տեղում է, իսկ ամենաբարձր արտադրողականությունն ունեցող ճյուղի՝ բիզնես ծառայությունների մասնաբաժնով՝ վերջին տասնյակում:

Ի հաշիվ գյուղատնտեսության՝ գյուղական բնակավայրերում ձեռնարկատիրության մակարդակն ավելի բարձր է, քան Երևանում: Գյուղական վայրերում, նշվում է զեկույցում, ակտիվ ձեռնարկատիրության պատճառներից մեկն է նաև եկամտի այլ աղբյուրների բացակայությունը: Երևանից դուրս աշխատատեղերի սակավությունն ընդհանուր սոցիալ-տնտեսական պայմանների հետ մեկտեղ կարող է բացատրել, թե ինչու Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվելու ամենամեծ շարժառիթներից մեկն է «ապրուստ վաստակելը, որովհետև աշխատանք չկա», մինչդեռ «աշխարհում մի բան փոխելու» շարժառիթն ամենավերջին տեղերում է:

Հայ ձեռներեցների ընդհանուր նկարագիրը նման է այլ երկրների ձեռներեցներին՝ գերակշռում են երիտասարդները և մի փոքր տարբերությամբ՝ տղամարդիկ: Մյուս կողմից, շատ երկրների պես Հայաստանում ևս կին ձեռներեցների թիվը գնալով ավելանում է: Կանանց ներգրավումը նշանակում է նաև շարժառիթների փոփոխություն, քանի որ կանայք ավելի շատ են հակված «աշխարհում մի բան փոխելու» նպատակով բիզնես սկսելուն, մինչդեռ տղամարդիկ ավելի հակված են «շատ եկամուտ վաստակելուն, հարստություն կուտակելուն» և «ընտանեկան ավանդույթը շարունակելուն»:

Միաժամանակ զեկույցի հեղինակները նշում են, որ կանանց մեծ մասը դեռ տղամարդկանց պես ձեռնարկատիրությամբ է զբաղվում ապրուստ վաստակելու նպատակով, «որովհետև աշխատանք չկա»: Հայաստանում ձեռնարկատիրության կարևոր առանձնահատկություն է ձախողվելու վախը, որի պատճառով շատերը նախընտրում են բիզնեսով չզբաղվել: Սա թերևս կարելի է բացատրել հայկական բիզնես մշակույթով, որտեղ բիզնեսը նույնացվում է դրա սեփականատիրոջ հետ, և բիզնեսի ձախողումն ընկալվում է որպես անձնական ձախողում:

Աշխատանքի հեղնակները ի թիվս Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման այլ հիմնախնդիրների՝ նշում են նաև հետևյալները՝ ձեռնարկատիրական կրթություն, հետազոտությունների և մշակում­ների ներդնում, պետական աջակցության ծրագրեր և ձեռնարկատիրության ֆինանսավորում:

Հայաստանում բիզնեսի Ֆինանսավորման հարցը կարևոր է, բայց այն մասամբ լուծվում է ի հաշիվ «ոչ ֆորմալ» ներդրումների (ընտանիքի անդամ­ների և ընկերների) կողմից: «Հարցմանը մասնակցած փորձագետները «թավշյա հեղափոխությունից» հետո արձանագրել են պետական քաղաքականության բարելավում (հարկային ռեժիմ, պայքար ընդդեմ բյուրոկրատիայի, որը տասնամյակներ շարունակ համարվում էր Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման հիմ­նական խոչընդոտը), բայց դրա հետ մեկտեղ կարիք կա նաև պետական աջակցության թիրախային ծրագրերի և բնակչության շրջանում ձեռնարկատիրական կրթության բարելավման:

Արժեհամակարգն ավելի նպաստավոր է

Ձեռնարկատիրության հիմքում ընկած սոցիալական և մշակութային արժեքները Հայաստանում ձեռնարկատիրության նկատմամբ վերաբերմունքը ձևավորող արժեհամակարգն ավելի նպաստավոր է, քան միջին պատկերացումներն աշխարհում: 2019թ. զեկույցի հարցմանը մասնակցած 50 երկրից Հայաստանը 4-րդն է ըստ «սեփական բիզնես սկսելը ցանկալի կարիերա է» դրույթի հետ համաձայնած մարդկանց թվի (87.2%), իսկ Արևելյան Եվրոպայում՝ 1-ինը:

Ի տարբերություն արժեհամակարգի ցուցանիշների, ձեռնարկատիրության վերաբերյալ սոցիալական պատկերացումներով Հայաստանը միջին դիրքում է («ճանաչու՞մ եք արդյոք որևէ մեկի, որ բիզնես է սկսել վերջին 2 տարում», «տեսնու՞մ եք արդյոք բիզնեսի հնարավորություն առաջիկա 6 ամսում», «ձեր երկրում բիզնես սկսելը հե՞շտ է» ցուցանիշներով՝ 20-24-րդը 50-ից): Մյուս կողմից, տարածաշրջանի երկրների համեմատ Հայաստանում ձեռնարկատիրության վերաբերյալ սոցիալական ընկալումները բարելավվում են. հարցման մասնակիցների 53.9% համաձայն է այն դրույթի հետ, որ «առաջիկա 6 ամսում կլինի բիզնես սկսելու լավ հնարավորություն»: Սա թերևս պայմանավորված է 2018թ. թավշյա հեղափոխությամբ, որը բարձրացրեց ապագայի հանդեպ լավատեսությունը:

Միևնույն ժամանակ ձեռնարկատիրության վերաբերյալ ինքնաընկալումները հակասական են: Հայերը սեփական գիտելիքը, հմտությունը և փորձը բավականին բարձր են գնահատում (12-րդը 50-ից), բայց միաժամանակ առաջին տասնյակում են ըստ ձախողվելու վախի:

«Բիզնես սկսելիս ձախողվելու վախը շատ կարևոր գործոն է, որը զսպում է մարդկանց: Արևելյան Եվրոպայի երկրներից Հայաստանին այս ցուցանիշով շատ նման է Խորվաթիան: Եթե համեմատենք Ռուսաստանի և Բելառուսի հետ, ապա Հայաստանում ավելի շատ են մարդիկ, որոնք կնախընտրեն չհիմ­նել սեփական բիզնես ձախողվելու վախից (51%, Ռուսաստանում և Բելառուսում համապատասխանաբար 45% և 37%), անգամ եթե ի սկզբանե հայաստանցիները սեփական գիտելիքը, հմտությունը և փորձն ավելի բարձր են գնահատել (70%), քան ռուսաստանցիները (36%) և բելառուսները (42%):

Ձախողվելու մեծ վախը Հայաստանում պայմանավորված է թերևս ազգային բիզնես մշակույթով, որտեղ բիզնեսը հաճախ նույնացվում է դրա սեփականատիրոջ հետ, ուստի եթե այն ձախողվում է, դա ընկալվում է որպես սեփականատիրոջ անձնական ձախողում: Միգուցե սա է պատճառներից մեկը, որ Հայաստանում կապիտալի շուկան զարգացած չէ, և չկան շատ բաժնետերեր ունեցող խոշոր ընկերություններ: Բաժնեմասը կամ ընկերությունը վաճառելու, ելքի, սնանկության գործընթացները կարգավորող հստակ օրենսդրական դաշտի բացակայությունը ևս նպաստում է նրան, որ մարդիկ վախենում են բիզնես սկսել: 25-34 տարիքային խումբն ավելի համարձակ է այս առումով, միաժամանակ ամենավստահը սեփական գիտելիքի և հմտության առումով, ուստի հենց այս խմբում ձեռնարկատերերն ամենաշատը կլինեն: «Գիտելիքի» և «ձախողվելու վախի» տարբերությունն ավելի բարձր է Երևանում, քան մարզերում», – կարծում են հեղինակները:

Մոտիվացում և ձգտումներ

Հայ ձեռնարկատերերի շրջանում (ինչպես սկսնակ, այնպես էլ կայացած) բիզնես հիմնելու ամենատարածված շարժառիթն «ապրուստ վաստակելն է, որովհետև աշխատանք չկա», այսինքն՝ մարդիկ բիզնես են հիմնում՝ կարիքից, ոչ թե հստակ նպատակից դրդված. «աշխարհում մի բան փոխելու»՝ հստակ նպատակի վրա հիմնված շարժառիթով Հայաստանն ամենացածր տեղերում է այլ երկրների համեմատ:

Ապրուստ վաստակելու դրդապատճառով Հայաստանը Զեկույցի 50 երկրի մեջ առաջին տասնյակում է, իսկ Արևելյան Եվրոպայի 9 երկրից՝ 1-ինը: «Աշխարհում մի բան փոխելու», ինչպես նաև «հարստություն կուտակելու, կարողություն ստեղծելու» շարժառիթներն ավելի տարածված են նորաստեղծ, քան կայացած ձեռնարկատերերի շրջանում, որը կարելի է բացատրել նաև բիզնես ծառայությունների մասնաբաժնի աճով: Ամենաբարձր՝ «աշխարհում մի բան փոխելու» շարժառիթն ունեցող հայ ձեռնարկատիրոջ հավաքական կերպարը հետևյալն է՝ երիտասարդ (18-24 տարեկան) երևանցի կին՝ բարձրագույն կրթությամբ (բակալավր), 1 շնչի հաշվով ամենաբարձր եկամուտն ունեցող (100+ հազ. ՀՀ դրամ) ընտանիքից:

Ակնկալվում է, որ մոտակա 5 տարում նորաստեղծ ձեռնարկություններն ավելի շատ աշխատատեղեր կստեղծեն, քան կայացածները, մասնավորապես, ըստ սպասում­ների միջնացված արժեքի՝ նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր սկսնակ ձեռնարկություն կստեղծի 2 աշխատատեղ, իսկ յուրաքանչյուր կայացած բիզնես՝ 1: Ամենամեծ աճն ակնկալվում է բիզնես ծառայությունների ոլորտում:

Սկսնակ հայ ձեռնարկատերերն ավելի շատ են հակված իրենց արտադրանքն արտահանելուն, քան կայացած բիզնեսները, մասնավորապես, սկսնակների 20,3% ակնկալում է, որ հասույթի մեկ քառորդից ավելին ստացվելու է արտերկրից, կայացածների՝ 17,1%: Սա թերևս վկայում է, որ նոր հիմնվող բիզնեսների սեփականատերերն ակնկալում են օգտվել ԵԱՏՄ շուկայի հնարավորություններից:

Ըստ սկսնակ ձեռնարկություններում նորարարական արտադրանքի ներդրման Հայաստանը զեկույցի 50 երկրի շարքում միջին դիրք է զբաղեցնում (27-րդը 50-ից), ըստ նորարարական գործընթացների և տեխնոլոգիաների՝ միջինից ցածր (36-րդը 50-ից): Հայաստանում աշխատող սկսնակ բիզնեսների 28,8% կամ բնակչության 6,0% պնդում է, որ ունի նորարարական արտադրանք, 22,2% (բնակչության 4,7%)՝ նորարարական գործընթաց կամ տեխնոլոգիա: Տեխնոլոգիաների ավելի ցածր մակարդակը կարելի է բացատրել ներդրում­ների ավելի սուղ հնարավորություններով: Մյուս կողմից, նորարարությունը կապված է շարժառիթների հետ՝ «աշխարհում մի բան փոխելու» նպատակով բիզնես հիմ­նողներն ավելի շատ նորարարական արտադրանք և գործընթացներ ունեն, քան մյուսները:

Մեկնաբանել