Մասիս Մայիլյանն ընդունել է The HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպության տարածաշրջանային տնօրենին

Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարՄասիս Մայիլյանն ընդունել է The HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Նիկ Սմարթին, ծրագրի ղեկավարի պաշտոնում իր առաքելությունն ավարտած Ռոբերտ Սայֆրետին և Արցախում ծրագրի նորանշանակ ղեկավար Մայլզ Հոթորնին․ այս մասին ասված է Արցախի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ The HALO Trust միջազգային ոչ կառավարական կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Նիկ Սմարթը ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախում կազմակերպության մարդասիրական ականազերծման աշխատանքների ընթացքին և ապագա ծրագրերին առնչվող մանրամասներ։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել The HALO Trust-ի և Արցախի համապատասխան պետական կառույցների միջև հաստատված համագործակցության մակարդակի կապակցությամբ:

Մարտի 24-ին Արցախի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Արցախին ականազերծման համար տրամադրվող ամերիկյան օգնությունը փոխարինվում է այլ ծրագրով։

Ավելի ուշ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Արցախին օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունը։ Այն նախատեսում է 1,4 մլն դոլարի աջակցություն տրամադրել Արցախին՝ շարունակելու HALO Trust-ի՝ կյանքեր փրկող ականազերծման աշխատանքները:

Մեկնաբանել