Մահացել է իրանահայ ճանաչված գործիչ Լևոն Ահարոնյանը

Հինգշաբթի՝ 27 օգոստոսի երեկոյան, Թեհրանում մահացել է անվանի ազգային-հասարակական գործիչ, գործարար և բարերար Լևոն Ահարոնյանը: Նա հայտնի էր Իրանի հայկական և պետական շրջանակներում, Հայաստանում և արտասահմանյան գործարար շրջանակներում:

Ծնվել էր 1930 թվականին հայկական պատմական Սալմաստ գավառի Հաֆթվան գյուղում, կրթություն էր ստացել Թեհրանի դպրոցներում և Ճարտարագիտական համալսարանում, ապա մասնագիտացել էր Նիդերլանդներում՝ որպես գյուղատնտես – հողագետ: Մի քանի տարի աշխատել էր Իրանի գյուղատնտեսության նախարարությունում, ապա հմտացել էր միջազգային տրանսպորտի ասպարեզում և հիմնադրել էր միջազգային բեռնափոխադրման «Սաթի» ընկերությունը: Լևոն Ահարոնյանն Իրանի Իսլամական պետության հիմնադրումից հետո եղել է Թեհրանի հայոց թեմական խորհրդի նախագահ։

Հայաստանի անկախության հռչակումից հետո Ահարոնյանն առանցքային դերակատարություն է ունեցել Իրան-Հայաստան առևտրատնտեսական հարաբերությունների ձևավորման, ամրապնդման և զարգացման գործում։ Նրա անմիջական ջանքերի շնորհիվ է կառուցվել Իրանը Հայաստանին կապող ժամանակաւոր կամուրջը։ 1993 թվականին իր գործընկերների հետ հիմնադրել է Իրան-Հայաստան առևտրի պալատը, որը ղեկավարել է երկար տարիներ։

Ահարոնյանը բարերարությամբ է զբաղվել նաև Հայաստանում։ Մասնավրապես նրա ներդրումների շնորհիվ ամբողջովին վերանորոգվել է Երևանի թիվ136 դպրոցը, որը մեծապես վնասվել էր հրդեհի պատճառով, իսկ նրա հիմնադրած «Հայ դպրոց» հիմնադրամը նշանակալի աշխատանք է կատարել Հայաստանի տարբեր շրջանների դպրոցների վերանորոգման եւ կահավորման գործում։