Նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ

Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է նոր քրեական գործ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ․ տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափի վատնում կատարելը։

«Այս պահի դրությամբ դեռևս մեղադրյալ կարգավիճակ ունեցող անձինք չկան։ Ընթանում է նախաքննություն»,- փոխանցեց Օհանջանյանը։

Փետրվարին ՀՔԾ-ն կարճեց Ղազարյանի և նրա կնոջ մասնակցությամբ մեկ այլ քրեական գործ, որը վերաբերում էր խոշոր չափերի հարկեր չմուծելուն։ Նրանց պատկանող 7 ընկերությունները հարկեր չէին վճարել՝ պետությանը պատճառելով 3 մլրդ դրամի վնաս։ Կարճման հիմք էր հանդիսացել այն փաստը, որ նախկին պաշտոնյան ու նրա կինը հատուցել էին հանցագործությամբ պետությանը պատճառած վնասը։

Վաչագան Ղազարյանին և նրա կնոջն առնչվող քրեական գործը կարճվել է․ ՀՔԾ

Համեմատության համար նշենք, որ նախքան հեղափոխությունը՝ 2008-18թթ․՝ ՀՔԾ-ի գոյության 11 տարիներին, վերականգնվել է շուրջ 600 մլն դրամի վնաս, իսկ Ղազարյանն ու նրա կինը հինգ անգամ ավելի վնաս են պատճառել պետությանը՝ արդյունքում վերականգնելով 3 մլրդ դրամը միայն մեկ քրեական գործով։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել