Ադրբեջանի հետ պատերազմը արդյոք անխուսափելի է

Հայաստանի (Արցախը՝ ներառյալ) և Ադրբեջանի միջև նոր պատերազմը խոչընդոտող երկու հիմնական գործոն կա. առաջին՝ Բաքուն համոզված չէ 100 տոկոսով, որ կարող է հաղթել նոր պատերազմում, երկրորդ՝ քանի դեռ շարունակվում է կարգավորման խաղաղ գործընթացը, հակառակորդը հույս ունի բանակցային ճանապարհով ստանալ 1991-1994 թթ․կորցրածը կամ դրա մասը:

Եթե Բաքուն 100 տոկոսով համոզված լինի, որ նոր պատերազմում կարող է հաղթել կամ ստատուս քվոյի փոփոխության հասնել, ապա որևէ արգելք չկա, որպեսզի ադրբեջանական զինված ուժերը հարձակման անցնեն Արցախում, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի՝ Տավուշի, անգամ՝ Նախիջևանի հատվածում:

Հենց այդ համոզվածությունն է եղել, որ 1991-ին Ադրբեջանը պատերազմ սկսելու աչք չի թարթել: 1991-ին չկար այսօրվա ստատուս քվոն, այո, մեծ հաշվով, Արցախը որևէ կերպ չէր ենթարկվում Բաքվին, սակայն Ադրբեջանը նաև կորցրած ութ հազար քառակուսի կիլոմետր տարածքի հետ բերելու խնդիր չուներ:

1994-ի անժամկետ զինադադարից հետո միայն մեկ անգամ է Բաքուն եկել համոզվածության, որ պատրաստ է պատերազմի և գործի է դրել ռազմական մեքենան: 2016-ի ապրիլին Ադրբեջանը կարողացավ գրավել մի քանի հարյուր հեկտար հող և 21 ռազմական հենակետ Արցախի մերձարաքսյա հատվածում և Թալիշում: Դա, անշուշտ, պյուռոսյան հաղթանակ էր, քանի որ այն ուժերը, որ մարտի դաշտ նետեց Ադրբեջանը և այն, ինչ ստացավ 4 օրերի ընթացքում, բացարձակապես համադրելի չէին: Այո, հակառակորդին հաջողվեց գրավել հող ու ռազմական հենակետեր, բայց գինը, որ վճարեց, չափազանց թանկ էր: Երկրորդ անգամ Ադրբեջանը չի վճարի նման թանկ հաղթանակի համար:

Ե՞րբ է գալու հերթական պահը, երբ Ադրբեջանը կրկին 100 տոկոսով համոզված լինի, որ հաղթելու է պատերազմում: Այստեղ արդյունքը կարևոր չէ, կարևորը ներքին համոզումն է: Արդյոք Հայաստանը (Արցախը՝ ներառյալ) ի վիճակի՞ է չեզոքացնել կամ, առնվազն՝ հեռացնել այդ պահը:

Մեր դեպքում էլ երկու հիմնական գործոններ կան, որոնք զսպում են նոր պատերազմը կամ այն հեռացնում դեպի անորոշ ապագա: Առաջին՝ ուժեղ Հայաստանը, երկրորդ՝ բանակցող և հավերժ բանակցելու պատրաստ հայկական դիվանագիտությունը:

Նոր պատերազմը չի բխում հայկական կողմի շահերից մի քանի պատճառներով, բայց դրանցից գլխավորն այն է, որ մենք չգիտենք նոր պատերազմի վերջնարդյունքը:

Նոր պատերազմը հեռացնելու համար Հայաստանը, ուժեղ և մարտունակ բանակ ունենալուց բացի, պետք է իր երկկողմ, տարածաշրջանային և բազմակողմ հարաբերություններում կառուցողական և կանխատեսելի գործընկեր լինի: Ռազմական հավասարակշռության պահպանումը, որ նույնպես պատերազմը բացառող գործիք է, միայն ուժեղ ու մարտունակ բանակով հնարավոր չէ ապահովել:

Երբ հայ դիվանագետը հայտարարում է, որ բանակցային սեղանին փաստաթուղթ չկա, դա շատ վատ և անուղղակի ուղերձ է Ադրբեջանին: Սեղանին միշտ պետք է լինի փաստաղթուղթ և այդ փաստաթղթի շուրջ գործընթաց: Եթե անգամ չկա փաստաթուղթ, և Ադրբեջանը ամեն կերպ ոչ կառուցողական քայլերով ականահարում է խաղաղ գործընթացը, հայկական դիվանագիտության խնդիրը պետք է լինի փաստաթուղթ հնարելը և գործընկեր ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ բանակցային միջավայր ձևավորելը:

Այո՛, ընդդիմությունը մեղադրելու է իշխանությանը (բոլոր ժամանակներում է այդպես) զիջումների ու փոխզիջումների պատրաստակամության մեջ: Բայց սա էլ այն գինն է, որ պետք է վճարի իշխանությունը: Ամեն մի հայ զինվորի կյանքը ավելին է, քանի հազար ընդդիմության քննադատություն:

Ադրբեջանում արտգործնախարարի վերջին փոփոխությունը հստակ ուղերձ է, որ Բաքուն այլևս չի շարունակելու Պրահյան գործընթացն ու դրա արդյունքում ծնված Մադրիդյան տարատեսակ փաստաղթղթերի շուրջ բանակացությունները: Էլմար Մամեդյարովը խորհրդանշում էր ղարաբաղյան բանակցային գործընթացի 15-ամյակ (2004-2020), և նրա հեռացումով Բաքուն հրաժեշտ է տալիս բանակցային մի ձևաչափի, որի փիլիսոփայությունը ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության՝ անհամատեղելի թվացող սկզբունքների համատեղման փորձն էր՝ համեմված ուժի սպառնալիքի բացառման պայմանով:

Հիմա Ադրբեջանը փորձելու է վարկաբեկել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ու գործընթացը և ղարաբաղյան կարգավորման ձևաչափերը փորձել տեղափոխել ոչ մասնագիտացված կազմակերպություններ, որտեղ Բաքվի դիվանագիտությունը կարող է ապահովել աջակիցների պարզ մեծամասնություն: Սա նշանակում է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների շրջանակից և նախապատրաստվել պատերազմի հարմար պահի:

Մեկնաբանել