Աշխարհազորը բաղկացած է լինելու 100 հազար մարդուց, ներգրավվելու են նաև կանայք․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է մինչև այս տարեվերջ Ազգային ժողով ներկայացնել «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով առաջարկվում է ստեղծել մինչև 100 հազար մարդուց բաղկացած աշխարհազոր: Այդ մասին սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Ապագա աշխարհազորայիններին ռազմական գործողություններին մասնակցելիս զենք է բաժանվելու, նշեց փոխնախարարն ու հավելեց. «Մարտական գործողություններից հետո զենքը հետ է վերադարձվելու»:

«Տեղեկությունները, որ աշխարհազորայինները շրջելու են զենքերով խաղաղ պայմաններում չեն համապատասխանում իրականությանը», – ասաց Բալայանը՝ նկատելով, որ աշխարհազորում ըստ մարզերի մարդկանց ներգրավվածության շրջանակները, նրանց վարժանքների պարբերականությունը կարգավորվելու է օրենքով ու ենթաօրենսդրական ակտերով:

«Աշխարհազորի ձևավորմամբ խնդիր է դրված կանոնակարգել մարտական գործողությունների ժամանակ կամավորականների անկանոն հոսքերը: Նման իրավիճակի ականատես եղանք 2016 թվականի ապրիլյան և 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ: Շատ հաճախ նման դեպքերում մարդիկ ցանկանում են գնալ առաջնագիծ, սակայն տեղյակ չեն՝ ինչ և ինչպես անել, ու խանգարում են տեղում զինծառայողներին», – ասաց Բալայանը՝ հավելելով, որ ՊՆ-ն խնդիր է դրել բարձրացնել հասարակության պատրաստվածությունը հնարավոր ռազմական գործողություններին:

Փոխնախարարի խոսքով՝ աշխարհազորի մասնակիցները զորակոչվելիս ստանում են զինծառայողի կարգավիճակ՝ ենթարկվելով բոլոր օրենսդրական կարգավորումներին և օգտվելով նրանց համար նախատեսված սոցիալական արտոնություններից:

«Նրանց հետ կնքվում է պայմանագիր, և նրանք ծառայում են որպես պայմանագրայիններ: Զորակոչվելիս նրանք օգտվում են նաև զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հնարավորություններից», – հայտնեց փոխնախարարը՝ հավելելով, որ աշխարհազորայինները վճարվում են միայն ռազմական գործողությունների ժամանակ զորակոչվելիս:

«Խաղաղ պայմաններում և վարժանքներին մասնակցելիս չեն վճարվելու», – ասաց նա:

Աշխարհազորում, ըստ առաջարկված օրենսդրական կարգավորումների, կարող են ծառայել մինչ 70 տարեկան ՀՀ քաղաքացիները՝ առանց սեռական խտրականության:

«Կանայք ևս կարողանալու են ներգրավվել աշխարհազորում, սակայն սկզբում նրանց համար նախատեսված չէ մարտական գործողություններին մասնակցությունը: Նրանք կարող են զբաղվել օրինակ բնակչության տարհանմամբ, քաղաքացիական պաշտպանության այլ հարցերով», – տեղեկացրեց Բալայանը:

Աշխարհազորում ներգրավվելու են բացառապես պահեստազորում չկցագրված քաղաքացիները՝ կամավորության սկզբունքով:

Մարզի կամ համայնքի մասշտաբով աշխարհազորի հրամանատարները լինելու են մարզպետի կամ համայնքի ղեկավարների տեղակալները, որոնք պետք է ունենան համապատասխան կրթություն և պատրաստվածություն: ՊՆ-ն առաջարկում է այդ պաշտոններին նշանակել պաշտոնաթող բարձրաստիճան սպաներին, որոնք նաև ծնունդով տվյալ բնակավայրերից են և մեծ հեղինակություն են վայելում հանրության շրջանում:

«Նրանք շատ լավ տիրապետում են զինվորական գործին: Աշխարհազորի ու բանակի ներդաշնակեցումը լինելու է նաև նրանց միջոցով», – ասաց Բլայանը՝ նկատելով, որ աշխարհազորի ձևավորման ու «Երկրապահ» կամավորական միության գործառույթների միջև հակասություններ չկան:

«Մենք դիտարկում ենք դրանք որպես փոխլրացնող կառույցներ», – եզրափակեց Գաբրիել Բալայանը։

Մեկնաբանել