Պայթյուն՝ «Պռոշյանի կոնյակի գործարանում», կա 2 զոհ և 4 տուժած

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:08-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյանի կոնյակի գործարանում»։ 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. վնասվել են մեկ ապակյա տարա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած:

Պայթյունի հետևանքով գրանցվել է երկու զոհ և չորս տուժած, վերջիններս տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին:

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք:

«Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Նիկողոսյանը։