«իԳործ»․ սփյուռքահայ մասնագետները սկսեցին աշխատել ՀՀ կառավարությունում

Սեպտեմբերի մեկին մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» սփյուռքահայ մասնագետների ծրագիրը․ ասված է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հաղորդագրությունում։

«Առաջին փուլով 24 մասնագետներն արդեն Հայաստանում են: Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդերլանդներ ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնել հայրենիք և միանալ ՀՀ կառավարության աշխատանքներին:

Առաջին փուլի մասնակիցներն աշխատանքի են անցել վարչապետի աշխատակազմում, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Շրջակա միջավայրի, Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Էկոնոմիկայի նախարարություններում, Կենտրոնական բանկում, Կրթության տեսչական մարմնում, Մարդու իրավունքների պաշտպանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակներում:

Ծրագրի առաջին փուլի մասնակիցներին ընդունեց և բարի գալուստ մաղթեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Հանձնակատարը հույս հայտնեց, որ նրանք հայրենիքում կունենան անփոխարինելի աշխատանքային փորձառություն:

Իրենց հերթին մասնակիցներից շատերը նշեցին, որ այս ծրագիրը հայրենադարձվելու ճանապարհի իրենց մեկնարկն է, և սեփական ապագան տեսնում են Հայաստանում:

Այնուհետ «իԳործ»-ցիներին ներկայացվեց աշխատանքի ժամանակացույցը և պարտականությունները:

«Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն Սևան Գապագեանը և «RepatArmenia» հիմնադրամի համահիմնադիր Վարդան Մարաշլյանը մասնակիցներին մանրամասնեցին հայաստանյան պետական մարմիններում աշխատելաոճի առանձնահատկությունները և միջավայրին արագ ինտեգրման համար գործնական խորհուրդներ տվեցին:

COVID-19-ով և օդային սահմանափակ հաղորդակցությամբ պայմանավորված՝ ծրագրի մյուս մասնակիցները Հայաստան կժամանեն մի փոքր ավելի ուշ»,- հայտնում է գրասենյակը։

Մեկնաբանել