Կարմիր խաչից դեռ չեն այցելել Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին. ԱԳՆ

Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանի իրավասության տակ հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին․ այս մասին սեպտեմբերի 2-ի ճեպազրույցում հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ այժմ աշխատանքներ են իրականացվում Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի հետ այցելություն կազմակերպելու նպատակով:

Հայ սպա Գուրգեն Ալավերդյանն Ադրբեջանի տարածքում հայտնվել է օգոստոսի 24-ին: ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով նա մոլորվել է: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Կարմիր խաչը երկխոսության մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հայ սպայի հարցով

Ճեպազրույցի ժամանակ Աննա Նաղդալյանը նաև անդրադարձել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման հնարավորության հարցին: Նա նշել է, որ Հայաստանում ռազմագերիներ չկան, ուստի այդ հարցը չի դիտարկվում:

«Ադրբեջանում մտացածին մեղադրանքներ են հնչեցնում չհաստատված հանգամանքներում իրենց կողմում հայտնված ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որոնք որևէ հանցանք չեն գործել», – ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը նման քաղաքականություն չի վարում:

Հայ սպան մոլորվել և հայտնվել է հակառակորդի կողմում

ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցրել է, որ միայն այս տարի Հայաստանի իրավասության տակ է հայտնվել Ադրբեջանի 2 քաղաքացի, բայց նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում:

«Նրանց ռազմագերի չի դարձնում: Հայաստանը լիարժեքորեն հարգում է նրանց իրավունքները և արժանապատվությունը» – ասաց նա՝ հավելելով, որ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով Բաքուն ցանկանում է հետ վերցնել անչափահաս Սմբատ Ցականյանի մարդասպաններին, որոնք պատիժ են կրում Արցախում:

Անչափահասի սպանությունը, ընդգծել է Նաղդալյանը, ծանր հանցագործություն է բոլոր հասարակություններում:

***

Բաքուն մեկ անգամ չէ, որ հանդես է եկել գերիներին «բոլորի բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու առաջարկով։ Վերջին անգամ նման առաջարկ հնչել էր 2019թ․ սեպտեմբերին։ Հիշյալ առաջարկը ադրբեջանական կողմից հնչել էր նաև 2016թ․ ապրիլին։

Գաղափարը 2019թ․ սեպտեմբերին մեկնաբանել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ մերժելով փոխանակման սկզբունքը և շեշտելով, որ «դա ճիշտ մոտեցում չէ առնվազն պաշտպանության նախարարի կողմից»։

«Ես աշխատում եմ, որպեսզի վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան»,- ասել էր Տոնոյանը։

Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնք ունենալով զենք ու զինամթերք, 2014թ․ հունիսի 29-ին հետախուզական գործողությունների նպատակով ապօրինաբար հատել էին ԼՂ սահմանը և ներխուժել Շահումյանի շրջանի տարածք՝ հետախուզական գործողությունների նպատակով: Նրանք առևանգել էին ԼՂՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր ավելի ուշ։ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները դատավճիռն անփոփոխ են թողել:

Ադրբեջանը շահագրգռված է Գուլիևին և Ասկերովին փոխանակել ադրբեջանական կողմում հայտնված Գուրգեն Ալավերդյանի, ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի և Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի հետ։

Այս առնչությամբ ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր․ «Գուցե և հնարավոր է, սակայն այդ քայլն իրավաչափ չէ, քանի որ ադրբեջանական կողմից եղել են ահաբեկիչներ, ովքեր սպանել են երեխաների, իսկ մեր կողմից հակառակորդի տարածքում հայտնված անձինք մոլորվածներ են: Կա ևս մեկ հանգամանք՝ պետք է ճշտել` ադրբեջանական կողմը համաձա՞յն է, թե` ոչ կամ նրանք ցանկանո՞ւմ են այդ երկուսի դիմաց բոլորին ետ տալ»։

2019թ․ հունիսի վերջին Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները մեկական ձերբակալվածի են փոխանակել: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են 2019–ին մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին և 2017-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին։

Մեկնաբանել