Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է գրանցվել՝ մահվան դեպքերի թիվը հասցնելով 14-ի

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է
ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով, ևս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1
համալսարանական հիվանդանոց սեպտեմբերի 1-ին մահացել է․ հայտնում է առողջապահության նախարարությունը։

Ըստ նախարարության տրամադրած տվյալների՝ ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, որից 14-ը՝ մահվան ելքով:

«27 դեպքից 20-ը (որից 9-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում: Արմավիրի մարզի
մնացած 11 դեպքից 9-ը բուժում է ստանում Արմենիա ՀԲԿ-ում, 2-ը բժշկական զննությունից հետո դուրս են
գրվել: Բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:
Հանրապետությունում արձանագրված 27 դեպքերից 7-ն արձանագրվել է Երևանում»,- ասված է հաղորդագրությունում։

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս դեպքերը կապ չունեն Արմավիրի
դեպքերի հետ: Դրանցից 5-ը մահվան ելքով են, 1-ը բուժում է ստանում թիվ 1 համալսարանական
հիվանդանոցում, 1-ը՝ Արմենիա ՀԲԿ-ում: Տուժածների մի մասն օգտագործել է բժշկական սպիրտ` որպես օղու
փոխարինիչ, մյուս մասի օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար համաճարակաբանական
հետազոտությունները շարունակվում են:

Ալկոհոլային թունավորումից 11 մարդ է մահացել. ինչ է հայտնի այս պահին