Մարզերի բժշկական կենտրոնները կստանան շտապօգնության 21 ՈՒԱԶ ամենագնաց մեքենա

Առողջապահության նախարարությունը շտապօգնության 21 ՈՒԱԶ տեսակի ամենագնաց մեքենաներ է նվիրելու մարզերում գործող բժշկական կենտրոններին։ Սեպտեմբերի 3-ին այս հարցը կառավարության նիստում զեկուցելու է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:

Ըստ նախարարության՝ դրանք հագեցվել են շտապ և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով ու պարագաներով։

«Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ շտապ օգնության ծառայությունը հիմնականում գործում է բժշկական կենտրոնների կառուցվածքում, ձեռք բերված մեքենաները և սարքերը առաջարկվում է նվիրաբերությամբ տրամադրել ընտրված մարզային բժշկական կենտրոններին, որպես նվիրաբերության պայման սահմանելով դրանց օգտագործումը բացառապես բժշկական օգնության ծառայությունների մատուցման նպատակով։ Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է հիմքում ունենալով մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները, յուրաքանչյուր անգամ առաջնորդվելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակով, առկա մեքենաների տեխնիկական վիճակի գնահատմամբ և հագեցվածության աստիճանով, սպասարկվող բնակավայրի աշխարհագրական դիրքով»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։

Մեկնաբանել