Ադրբեջանական գերությունից փրկել 4 հայերին

2011 թվականի հոկտեմբերին Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթին պաղեստինյան գերությունից ազատելու համար նրան փոխանակեց 1 000 պաղեստինցի բանտարկյալների հետ, որոնց թվում՝ Համասի գրոհայիններ:

Շալիթը գերվել էր 2006 թվականին՝ 20 տարեկանում և գերության մեջ էր հինգ տարուց ավելի:

Շալիթին ազատելու համար Իսրայելը ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածում, որոնք հաջողությամբ չավարտվեցին: Դրան հաջորդեցին երկար բանակցություններ, որոնք նույնպես հաջողություն չունեցան:

Շալիթի ծնողները մի քանի տարի Իսրայելի վարչապետի գրասենյակի դիմաց կազմակերպում էին բողոքի գործողություններ՝ պահանջելով իրենց որդու վերադարձը:

Վարչապետ Նաթանյահուն հայտարարեց, որ ինքը իր 1 զինվորին ազատելու համար վճարում է շատ թանկ գին՝ 1 000 պաղեստինցի, բայց վճարում է:

Նաթանյահուն անձամբ դիմավորեց հինգ տարվա գերությունից վերադարձող զինվորին:

Հայաստանը պետք է ամեն գնով ազատի ադրբեջանական գերության մեջ գտնվող իր 4 քաղաքացիներին, որոնք տարբեր, որոշ դեպքերում՝ չպարզված հանգամանքների բերումով են հայտնվել հարևան երկրում:

Մեկ հայ մարդու կյանքը մենք պետք է գնահատենք:

Հիմա դուք ասելու եք՝ ինչպե՞ս կարելի է 17-ամյա հայ պատանուն սպանած ադրբեջանցուն ազատ արձակել:

Ես այս հարցին պատասխան չունեմ, բայց շարունակում եմ պնդել, որ պետք է ադրբեջանական գերությունից փրկենք մեր 4 հայերին՝ Կարեն Ղազարյանին, Արայիկ Ղազարյանին, Արսեն Բաղդասարյանին և Գուրգեն Ալավերդյանին:

Իմ ձայնը տաք տեղից չի գալիս: Անձամբ ներկա եմ եղել 17-ամյա Սմբատ Ցականյանի հուղարկավորման տխուր արարողությանը: Առնվազն երկու անգամ եղել եմ նրանց տանը՝ Քարվաճառում, դեմ դիմաց նստել և ժամերով զրուցել լացը խեղդող ծնողների հետ և ռեպորտաժներ պատրաստել:

Հավանաբար համարձակությունս չի բավարարել Ցականյանի ծնողներին ասել, որ, օրինակ, վերադարձնելով Կարեն Ղազարյանին՝ Հայաստանը մեկ անգամ ևս հարգում է ձեր որդու հիշատակը: Եվ դա հիշատակը վառ պահելու ավելի արժանապատիվ ձև է, քան բանտում փտող մարդասպան պահելը:

Հատկապես քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները պնդում են, որ չի կարելի մարդասպանին վերադարձնել Ադրբեջան, քանի որ նա կամ նրանք հերոսացվելու են Ռամիլ Սաֆարովի նման:

Ներողություն, բայց իմ այս գրությունը այլ բանի մասին է․ մենք խոսում ենք մեկ հայ մարդու կյանքը փրկելու և նրան ադրբեջանական գերությունից փրկության և ոչ սաֆարովների ու նրանց հերոսացնողների մասին: Տվյալ դեպքում, երբ կա հայ մարդուն փրկելու և տուն բերելու անգամ աղոտ հնարավորություն, չի կարելի բաց թողնել այն:

Արցախյան պատերազմի տարիներին և 1994-ի անժամկետ զինադադարից հետո բազմաթիվ՝ տասնյակ, հարյուրավոր գերիներ, պատանդներ են փոխանակվել: Մենք վստա՞հ ենք, որ նրանց մեջ չեն եղել ադրբեջանցի մարդասպաններ: Բայց մենք առաջնորդվել ենք հայ մարդուն ամեն կերպ փրկելու և տուն բերելու ձգտումով:

Հ. Գ. Հայաստանի ԱԳՆ-ից մեր ստացած տեղեկության համաձայն, այս պահին Ադրբեջանում պահվում են 4 հայեր, իսկ Հայաստանում/Արցախում՝ 4 ադրբեջանցիներ: Եվս 2 ադրբեջանցիներ դեռ Հայաստանում են, սակայն նրանց երրորդ երկիր փոխանցելու գործընթացը ավարտական փուլում է:

 

Լուսանկարում՝ Կարեն Ղազարյանը ադրբեջանական դատարանում