Պահուստային ֆոնդն ամբողջությամբ ծանրաբեռնված է․ Ատոմ Ջանջուղազյան

Հանրակրթական հաստատությունների բացվելուն ընդառաջ կորոնավիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման համար ԿԳՄՍ նախարարությունը որպես աղբյուր դիտարկել է պահուստային ֆոնդը։ Կառավարության սեպտեմբերի 3-ին նիստին այս հանգամանքը հարուցեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի դժգոհությունը։

«Ենթադրում եմ՝ հրատապությամբ պայմանավորված՝ այս հարցը չի քննարկվել։ Ուզում եմ տեղեկացնել, որ այս ձևով ընդունելու դեպքում ձևակերպման և իրականացման խնդիրներ կառաջանան»,-ասաց նախարարը՝ հայտարարելով, որ «պահուստային ֆոնդը գործնականում ամբողջությամբ ծանրաբեռնված է»։ Ջանջուղազյանն առաջարկեց մինչ հաստատելը պահուստային ֆոնդի միջոցները ավելացնելու ուղղությամբ աշխատանքներ կատարել։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ խոսքը հանրակրթական հաստատությունների համար որոշակի պաշտպանիչ միջոցների գնմանը և մինչև ստորագրումը պետք է փորձեն աղբյուրը հստակեցնել:

Նախագծով նախատեսվում էր բժշկական դիմակներով ապահովել և աշակերտներին (սաներին, ուսանողներին) և մանկավարժական ու վարչական անձնակազմին (1 ամսվա հաշվարկով): Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով բժշկական դիմակի 25 ՀՀ դրամ գինը: Բացի այդ, ձեռքերի ախտահանիչներով ապահովել և՛ աշակերտներին (սաներին, ուսանողներին), և՛ անձնակազմի 100 %-ին, ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1120 ՀՀ դրամ ախտահանիչի 1 լիտրի գինը և 1 անձի հաշվով օրը 3 մլ:

Նախագծով նախատեսվում է նաև ուսումնական հաստատությունները ապահովել սենքերի ախտահանիչներով: Ընդ որում՝ հաշվարկը կատարվել է` հիմք ընդունելով 1 հաստատությանը օրական 1 կգ քլոր քանակը (2%-անց քլորի լուծույթի դեպքում յուրաքանչյուր կազմակերպությանը օրական 50լ) և քլորի 1 կգ-ի համար 3 500 ՀՀ դրամ գինը:

Մեկնաբանել