Սերժ Սարգսյանին ցուցվել է COVID թեստ հանձնել, դատական նիստը հետաձգվեց

«Բոլորը ներկայացել են՝ բացի ամբաստանյալ Սարգսյանից»,- Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հերթական նիստին հայտարարեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։ Նա խնդրեց Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանին պարզաբանել, թե ինչու ամբաստանյալը չի եկել դատարան։

«Երեկ երեկոյան Սերժ Սարգսյանը ստուգվել է բժշկի կողմից և արձանագրվել է սուր շնչառական ֆոն»,- ասաց փաստաբանը և դատարանին ներկայացրեց քաղվածքը, ըստ որի՝ Սարգսյանին ցուցված է ստանալ բուժօգնություն։ 

Առարկություն ուներ մեղադրող դատախազը. Արսեն Մարտիրոսյանը, ծանոթանալով բժշկական փաստաթղթի բովանդակությանը, հայտարարեց, որ չկան այնպիսի հիվանդություններ, որոնք կզրկեին անձին դատական նիստին ներկայանալու հնարավորությունից։

Ըստ Մարտիրոսյանի՝ պարբերաբար ամբաստանյալի մոտ առողջական խնդիրներ են առաջանում. «Այս փաստաթղթերից պարզ չէ, թե ներկա պահին ամբաստանյալը զրկված է եղել դատական նիստի մասնակցությունից, թե՝ ոչ։ Սա էական նշանակություն ունի ամբաստանյալի վարքագիծը քննարկելու և նրա խափանման միջոցի հարցը քննարկելու համար»,- ասաց դատախազը։

Նիստի ընթացքում բանավեճ եղավ Սարգսյանի պաշտպանի և դատախազի միջև։ Մակյանը մեղադրողից պահանջեց հարգալից լինել ՀՀ նախկին նախագահի մասին խոսելիս. «Ես ուզում եմ հիշեցնեմ, որ երբ հարգելի դատախազն ուսումնառություն էր ստանում դպրոցում, հանրապետության երրորդ նախագահը ղեկավարում էր մի պատերազմ»,- ասաց Մակինյանը, սակայն չկարողացավ ավարտել խոսքը դատախազի միջամտության պատճառով։ 

Դատարանը Մակինյանին առաջարկեց ավելի առարկայական խոսել։ Փաստաբանը հայտնեց, որ ամբաստանյալն ունեցել է բարձր ջերմություն, ու բժիշկը վերջինիս ցուցում է տվել հանձնել կորոնավիրուսի թեստ։ Դատախազը կրկնեց իր բարձրացրած հարցը. «Պետք է հասկանալ, թե արդյոք բերված փաստաթղթից պա՞րզ է՝ այս պահին Սարգսյանը կարող էր մասնակցել նիստին, թե՝ ոչ»։

Արդյունքում դատավորը Սերժ Սարգսյանի բացակայությունը անհարգելի չհամարեց. «Մյուս դատական նիստին, կարծում եմ, պարոն Սարգսյանն առողջացած կլինի ու կներկայանա դատարան ու կփորձենք վերջինից պարզաբանումներ ստանալ»,- ասաց դատավոր Միսակյանը։

Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին։

Ի դեպ, Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նախորդ նիստը ևս հետաձգվել էր ամբաստանյալի բացակայության պատճառով։ Դատավորը կրկին բացակայությունը հարգելի չէր համարել։

Հայաստանի երրորդ նախագահը մեղադրվում է մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: 

Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին ավելի մանրամասն՝

Սերժ Սարգսյանի մեղադրանքի հետքերով․ որ ընկերություններին որքան է վճարվել դիզվառելիքի համար

Գևորգ Թոսունյան