Բեյրութի պայթյունի աշխարհաքաղաքական հետևանքները

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը զգալիորեն մեծացրեց Լիբանանի ներքաղաքական լարվածությունը։ Պայթյունի պատճառած ավերածություններն ու մարդկային զոհերը դժգոհության նոր ալիք առաջ բերեցին լիբանանցիների շրջանում։

Լիբանանը 2019 թ. աշնանից գտնվում է քաղաքական և տնտեսական անկայունության ճիրաններում, ինչը հանգեցրեց 2019 թ. հոկտեմբերի 29-ին վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականին։ Լիբանանյան տարադրամի կտրուկ արժեզրկումը, բանկերի կողմից դոլարային հաշիվների փաստացի սառեցումը և առաջին անհրաժեշտության ապրանքների կտրուկ թանկացումը հարյուր հազարավոր լիբանանցիների կանգնեցրել էին սովի իրական սպառնալիքի առջև։ Հարիրիի հրաժարականից հետո, թերևս, բոլորի համար ակնհայտ էր, որ Լիբանանն առանց արտաքին էական օժանդակության ի վիճակի չէ հաղթահարել ներկա ճգնաժամը։ Հնարավորինս արագ արտաքին գործընկերների հետ օժանդակության փաթեթի համաձայնեցման խնդիրն առաջնահերթ նշանակություն ուներ նաև Հարիրիից հետո վարչապետի պաշտոնը ստանձնած Հասան Դիաբի համար։

1990 թ. քաղաքացիական պատերազմի ավարտից և 2005 թ. սիրիական զորքերի Լիբանանից հեռանալուց հետո երկրում ազդեցության համար պայքարը ընթանում էր հիմնականում Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև։ Իրանի աջակիցը Հեզբոլլահ շարժումն է, իսկ Սաուդյան Արաբիան հիմնականում աջակցում է սուննի մահմեդականներին Սաադ Հարիրիի գլխավորությամբ։ Հարկ է նշել, որ 1989 թ. ստորագրված և Լիբանանի տարբեր կրոնական համայնքների միջև ուժերի նոր հաշվեկշիռ սահմանող Թաիֆի համաձայնագրի համաձայն Դիաբը սուննի մահմեդական էր, սակայն վերջինիս կառավարությունը աջակցություն չէր ստացել Սաադ Հարիրիի կողմից և ավելի շատ ընկալվում էր որպես իրանամետ ուժ։

Միևնույն ժամանակ Մերձավոր Արևելքը, այդ թվում՝ Լիբանանը, զերծ չէ նաև վերջին տարիներին աշխարհի տարբեր մասերն ընդգրկած չին – ամերիկյան մրցակցությունից։ Չինաստանը տարածաշրջանը դիտում է որպես էներգետիկ ռեսուրսների մատակարարման կարևոր աղբյուր և մինչև վերջերս Չինաստանի հիմնական հետաքրքրությունը տարածաշրջանում կայունության ապահովումն էր, որը հնարավորություն էր տալիս ապահովել նավթի և գազի անխափան ներմուծումը։ Պեկինը տարածաշրջանի կայունության ապահովման գործը համարում էր ԱՄՆ-ի խնդիրը և հակված չէր ներգրավվել տարատեսակ հակամարտություններում։

Սակայն «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության մեկնարկից և չին-ամերիկյան հակասությունների սրումից հետո Չինաստանը սկսել է քայլեր ձեռնարկել Մերձավոր Արևելքում սեփական ազդեցության ամրապնդման ուղղությամբ՝ համարելով, որ ամերիկյան բացարձակ գերիշխանության պայմաններում ԱՄՆ-ը ցանկացած պահի կարող է արգելափակել տարածաշրջանից էներգակիրների արտահանումը։ Այս ուղղությամբ Պեկինի ձեռնարկած առաջին էական քայլը Իրանի հետ 25 տարի ժամկետ ունեցող և 400 միլիարդ ԱՄՆ դոլար ներդրումներ նախատեսող համաձայնագրի մշակումն է, որի նախնական տարբերակը հրապարակվեց 2020 թ. ամռանը։ Հաշվի առնելով 2017 թ. հետո Իրան – ԱՄՆ հարաբերությունների ծայրահեղ սրումը՝ Մերձավոր Արևելքում սեփական ազդեցության ծավալումը Իրանից սկսելու Չինաստանի ձգտումը միանգամայն բնական է։ Սակայն Պեկինը մտադիր չէ բավարարվել միայն Իրանով։ ԱՄՆ – Սաուդյան Արաբիա դաշինքի, ինչպես նաև սուննի արաբ պետությունների և Իրանի միջև հակամարտության հաշվառմամբ, Չինաստանը որպես Մերձավոր Արևելքում սեփական ազդեցության տարածման հաջորդ օղակ է տեսնում Լիբանանը։

Աշխարհաքաղաքական այս գործընթացը համընկավ Լիբանանում քաղաքական և տնտեսական ճգնաժամի ծավալման, արտաքին օժանդակության ակնհայտ անհրաժեշտության և Հասան Դիաբի կառավարության ձևավորման հետ։

2020 թ. գարնանը Լիբանանի նոր կառավարությունը արտաքին օժանդակության վերաբերյալ բանակցություններ սկսեց վարել երկու կողմերի հետ։ Դրանցից մեկը Արժույթի միջազգային հիմնադրամն էր, որից Լիբանանն ակնկալում էր շուրջ 10 միլիարդ դոլարի աջակցություն, մյուսը՝ Չինաստանը, որը, տարբեր աղբյուրների համաձայն, Լիբանանի կառավարությանն էր ներկայացրել մինչև 12 միլիարդ դոլարի ներդրումների փաթեթ։ Այն նախատեսում էր Լիբանանում ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի իրականացում, այդ թվում՝ նոր էլեկտրակայանների, արագընթաց երկաթուղիների կառուցում և նավահանգիստների արդիականացում։ Մի շարք փորձագետներ կասկածի տակ էին դնում Չինաստանի կողմից այս ծավալով ներդրումներ կատարելու պատրաստակամությունը, միևնույն ժամանակ չբացառելով ավելի փոքր ներդրումների հավանականությունը։

Չնայած այս երկու ծրագրերը միմյանց չէին հակասում, սակայն, հասկանալի էր, որ Լիբանանի կառավարությունը պետք է ընտրեր նրանցից մեկը։ 2020 թ. ապրիլի 30-ին կառավարությունը հայտարարեց Արժույթի միջազգային հիմնադրամի հետ սկզբունքային համաձայնություն ձեռք բերելու մասին, սակայն բանկային համակարգի բարեփոխումների խնդրում առկա տարաձայնությունների պատճառով մայիս – հունիս ամիսներին ԱՄՀ-ի հետ շփումները մտան փակուղի։ Որոշ տեղեկությունների համաձայն, ԱՄՀ-ի կողմից վարկի տրամադրման կարևոր նախապայման էր նաև Լիբանանում Հեզբոլլահի ազդեցության էական սահմանափակումը, ինչը հատկապես առաջ էր մղվում ԱՄՆ-ի կողմից։

Միևնույն ժամանակ հունիս – հուլիս ամիսներին Լիբանանի կառավարությունը շարունակում էր ինտենսիվ բանակցությունները Չինաստանի հետ։ Դրանց զուգահեռ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Դեյվիդ Շենկերը հայտարարեց, որ Չինաստանից ներդրումների դեպքում ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Լիբանանի նկատմամբ։ Հասկանալի է, որ անկախ ծավալներից չինական ներդրումների մուտքը Լիբանան նպաստելու էր Հասան Դիաբի կառավարության վարկանիշի աճին, ինչն անոււղղակիորեն բերելու էր նաև Իրանի ազդեցության ավելացմանը։

Ահա այսպիսին էր Լիբանանի իրավիճակը, երբ տեղի ունեցավ օգոստոսի 4-ի պայթյունը։ Հակակառավարական զայրույթի զանգվածային ալիքի պայմաններում օգոստոսի 10-ին Հասան Դիաբը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։ Դրան նախորդել էր օգոստոսի 6-ին Ֆրանսիայի վարչապետի այցը Բեյրութ, որը փաստացի վերջնագիր էր ներկայացրել Լիբանանի իշխանություններին՝ մինչև օգոստոսի 31-ին նախատեսված իր հաջորդ այցելությունը հստակ քայլեր ձեռնարկել քաղաքական և տնտեսական բարեփոխումների մեկնարկի ապահովման համար։ Օգոստոսի 31-ին, Մակրոնի այցից ընդամենը ժամեր առաջ, Լիբանանի վարչապետի պաշտոնում առաջադրվեց Գերմանիայում Լիբանանի նախկին դեսպան Մուստաֆա Ադիբի թեկնածությունը։ Ի տարբերություն Հասան Դիաբի, Ադիբի թեկնածությունը ստացավ նաև Սաադ Հարիրի աջակցությունը։ Վարչապետի պաշտոնում առաջադրվելուց անմիջապես հետո Ադիբը հայտարարեց, որ իր հիմնական խնդիրն է լինելու ապահովել հնարավորինս արագ հասնել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Լիբանանին վարկի տրամադրմանը։

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի աշխարհաքաղաքական հիմնական հետևանքները Լիբանանում Իրանի ազդեցության թուլացումն է, Սաուդյան Արաբիայի դերակատարության աճը, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկած վարկային փաթեթի ստացման հավանականության էական աճը։ Միևնույն ժամանակ, կարծես թե երկրորդ պլան է մղվել Չինաստանից ներդրումների ստացման խնդիրը։