Ռուսաստանում արտագնա աշխատանքը Հայաստանում այլընտրանք ունի

Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիները արդեն մի քանի ամիս բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով արտգործնախարարությունից քայլեր ձեռնարկել և աշխատանքի նպատակով իրենց այցը ՌԴ կազմակերպել։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ռուսաստանն օտարեկրացիների մուտքն արգելել է։ 

Արտագնա աշխատանքի մեկնող հայերի էական մասի զբաղվածությունը ՌԴ-ում կապված էր շինարարական և ճանապարհաշինարարական ոլորտի հետ։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը Սիվիլնեթի հետ զրույցում ասաց՝ կորոնավիրուսի ալիքի տարածման ժամանակ մարզպետարանները տվյալներ են հավաքագրել նախկինում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների վերաբերյալ և դրանք տրամադրել շինարարական ընկերություններին, որոնք իրենց հերթին պետք է փորձեին աշխատանքի տեղավորել  շինարարներին։  

«Մարզպետարաները միջնորդ են հանդիսացել, մենք տվյալներ չունենք։ Երբ նախարարի հետ շրջայցի ենք մասնակցել, չեմ հիշում, որ շինարարական ընկերություններում նախկինում արտերկիր մեկնող շինարարներ չլինեին»,- ասաց Մուրադյանը։ Թվային տվյալներ, թե նախկինում ՌԴ մեկնող քանի՞ շինարար է ներկայում Հայաստանում աշխատանքի անցել, Մուրադյանի խոսքով, այս պահին չկան։ 

Գեղարքունիքի մարզում գործող շինարարական «ՎՄՎ քամփընի» ընկերության տնօրեն Վահան Խանոյանը Սիվիլնեթին հայտնեց՝ իր ընկերությունում միայն շուրջ 80 աշխատակիցներ են ընդունել, որոնք նախկինում մեկնում էին Ռուսաստան։ 

«Մեծամասնությունն էլ չի էլ ցանկանում գնալ։ Շատ գոհ են, մենք էլ իրենցից ենք գոհ, ու այդ մարդիկ այստեղ զբաղվում են նրանով, ինչով զբաղվել են այնտեղ՝ ճանապարհաշինությամբ»,- պատմեց Խանոյանը։ Աշխատավարձի հարցում, ըստ վերջինիս, «շատ մեծ տարբերություն չկա». «Բնականաբար մի փոքր տարբերություն կա, բայց իրենք էլ հաշվի են առնում, որ իրենց տանն են, ընտանիքի մոտ են»,- ասաց Խանոյանը։ Նրա կարծիքով՝ ՌԴ-ում կատարած աշխատանքին համապատասխան աշխատանքներ ՀՀ-ում էլ է հնարավոր գտնել, սակայն արտագնա աշխատանքի մեկնողները արդեն սովոր են, որ «գարունը բացվի պիտի գնան, աշունը հետ գան ու չեն հարմարվում»։ 

«Իրենցից շատերը պատրաստ են իրենց տուն-տեղը թողնել, գնալ, քնել Ռուսաստանի ինչ-որ հեռավոր գյուղի վագոն-տնակներում, բայց չմնալ իրենց տանը, ընտանիքի կողքին»,- ասում է Խանոյանը՝ վստահեցնելով, որ իրենց ընկերությունում էլ մտադիր են ընդլայնվել ու պատրաստ են նոր աշխատողների ընդունել։ Ինքը ևս նոր է վերադարձել ՌԴ-ից և սկսել է շինարարական գործունեությունը Հայաստանում։ 

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ղեկավար Վահե Պետրոսյանը, որը նաև մի քանի կառուցապատող ընկերությունների սեփականատեր է, ՍիվիլՆեթին ասաց՝ իր ընկերությունում ևս կան մեծ թվով աշխատակիցներ, որոնք նախկինում մեկնում էին ՌԴ, սակայն այս տարի կորոնավիրուսով պայմանավորված՝ վիճակը ստիպել է աշխատանքի անցնել տեղում։ 

«Ինձ մոտ կան ահագին մարդիկ, ովքեր պիտի գնային, չգնացին։ Վիճակագրություն չեմ կարող ասել։ Կարող է այստեղի աշխատավարձը մի քիչ ավելի քիչ է, բայց ստիպված չի լինում վարձով ապրել, վատ սնվել և այլն»,- ասում է կառուցապատող ընկերության ղեկավարը։ Նա շեշտում է՝ շատերը իներցիայով են ցանկանում գնալ ՌԴ՝ աշխատանքի. «Ես անձամբ 3-4 հոգի գիտեմ, որոնք ինձ խնդրել են միջնորդել, որ այդ մարդիկ անցնեն աշխատանքի այստեղ, քանի որ դրսի տաբերակը չի եղել։ Եթե ինձ մոտ նման դեպքեր եղել են, ընդհանուր ավելի շատ կլինեն»,- պարզաբանեց Պետրոսյանը։ 

Մկրտիչ Կարապետյան